ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է՝ «ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, եւ հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք»: «Իմ պաշտոնավարման 3 ամսվա ընթացքում, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համագործակցելով, մենք վերանայեցինք ասպիրանտական տեղերի պետպատվերի հատկացման մոտեցումը. առաջարկեցինք բիզնեսին ներկայացնել ծրագրեր, որոնք պետք է հետազոտվեն, եւ արդեն իսկ ընտրություն ենք կատարել: Կարծում ենք՝ մեզ սպասվում է շարունակական սերտ համագործակցություն»,- նշել է նախարարը «Համագործակցային դոկտորական կրթություն․ լավագույն փորձի բացահայտում եւ ապագայի պլանավորում» խորագրով եռօրյա աշխատաժողովի եզրափակիչ քննարկումների ժամանակ: Քննարկմանը բուհերի ներկայացուցիչները հրատապ լուծման ենթակա խնդիրների շարքում ներկայացրել են գիտական հետազոտությունների համար ձեռքբերվող սարքավորումների եւ նյութերի հարկման խնդիրները՝ կարեւորելով հարկային խթանների տրամադրումը (այդ թվում՝ ավելացված արժեքի հարկից ազատումը), ինչն էապես կխթանի ոլորտում ներդրումները եւ գործընթացի արդյունավետության բարձրացումը։ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել ներգրավելու ռեսուրսներ եւ տրամադրելու ֆինանսական աջակցություն ակադեմիական «սփին-օֆ»-ներին։ Իրազեկության բարձրացման եւ տեղեկատվության տարածման, գիտնականների եւ գործարար ոլորտի համագործակցությունը խթանելու նպատակով, նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ARMDOCT ծրագրի աշխատանքային խմբի հետ համատեղ կազմակերպել համաժողով։ Tweet Դիտում՝ 1412