Երեւան /Մեդիամաքս/. Արաբական երկրները ցանկություն են հայտնում## իրենց ֆինանսական կենտրոնը Լիբանանից տեղափոխել Հայաստան, առաջարկելով համապատասխան օրենսդրական փոփոխություններ անցկացնել հանրապետությունում:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով Դիլիջանում կայացած առաջին ֆինանսա-բանկային կոնֆերանսում, որը կազմակերպել էր Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ):“Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրոպայի եւ մահմեդական երկրների միջեւ”, - ասել է Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ արաբական աշխարհի համար ֆինանսական կենտրոն դառնալու համար Հայաստանը պետք է ձեռք բերի օֆշորային գոտու ուրվագծեր, որտեղ համաշխարհային չափանիշներով շահավետ ֆինանսական ծառայություններ կմատուցվեն:Վարչապետը նաեւ նշել է, որ Հայաստանը կարող է դառնալ արժեթղթերի առք ու վաճառքի կազմակերպիչ ԱՊՀ երկրների համար: “ԱՊՀ երկրների արժեթղթերի շուկաների զարգացման հետ մեկտեղ, դեռեւս չլուծված է մնում արժեթղթերի` արտասահմանյան շուկաներ դուրս գալու խնդիրը, եւ Հայաստանը կարող է բարենպաստ պայմաններ առաջարկել ԱՊՀ-ին արժեթղթերի տեղաբաշխման համար: Հայաստանի շուկա մուտք գործած OMX Group-ը կարող է բեկումնային ծրագրեր իրականացնել”, - ասել է Տիգրան Սարգսյանը:Վարչապետն ընդգծել է նաեւ Հայաստանում ներդրումային հիմնադրամների եւ ակտիվների կառավարման համակարգերի ստեղծման կարեւորությունը: Տիգրան Սարգսյանի խոսքերով, Հայաստանի բնակչության ձեռքում կա մոտ 2 մլրդ դոլար կանխիկ գումար եւ ներդրումային հիմնադրամների առկայությունը թույլ կտա տեղաբաշխել այդ միջոցները: Նա ավելացրել է, որ բաժնեմասային ներդրումային հիմնադրամների եւ ակտիվների կառավարման համակարգերի ձեւավորմանը կնպաստի անցումը կուտակային կենսաթոշակային համակարգին: “Հայաստանի ապահովագրական շուկան եւ արժեթղթերի շուկան իրենց զարգացման մակարդակով ետ են մնում բանկային համակարգից, եւ տվյալ ոլորտներում ակտիվ բարեփոխումներ են անհրաժեշտ: Ֆինանսական ոլորտի հիմնական ռեսուրսն ինտելեկտն է, հետեւաբար, հատուկ ուշադրություն է պետք հատկացնել ֆինանսական կրթությանը” - ասել է Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 5530