“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” ակտիվների ծավալով առաջատարն է հայաստանյան բանկային ոլորտում

20.05.2008 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” ակտիվների ծավալով առաջատարն է Հայաստանի բանկային ոլորտում##, այսօր Երեւանում հայտարարել է բանկի գլխավոր տնօրեն Թիմ Սլեյթերը` ներկայացնելով բանկի 2007 թ-ի հաշվետվությունը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Թիմ Սլեյթերը նշել է, որ 2007 թ-ին բանկի ակտիվներն աճել են 30%-ով եւ 2007 թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 104 մլրդ դրամ: 2007 թ-ի արդյունքներով բանկի մաքուր շահույթը կազմել է 3.3 մլրդ դրամ` 2006 թ-ի հետ համեմատ աճելով 5.4%-ով:

Ներկայումս ճշտվում են 2008 թ-ի առաջին եռամսյակի ֆինանսական ցուցանիշները, եւ պլանային ցուցանիշների համաձայն, հարկերը վճարելուց հետո բանկի շահույթը տվյալ պահին կազմել է $3.8 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 27%-ով՚,- ասել է Թիմ Սլեյթերը:

“Եկամուտների համեմատ բանկի ոչ բարձր շահույթը խոսում է այն մասին, որ մենք ավելի շատ շահագրգռված ենք գործունեության ընդլայմամբ, այդ մասին վկայում է նաեւ այն, որ 2007 թ-ին բանկը դիվիդենտներ չի վճարել”,- ասել է Թիմ Սլեյթերը:

Նա նշել է, որ 2007 թ-ին բանկի շահութաբերությունը կազմել է 31% (միջին ցուցանիշից 18%-ով ավելի), եւ տվյալ ցուցանիշով բանկը նույնպես առաջատարն է Հայաստանի բանկային ոլորտում: Բանկի գլխավոր տնօրենը նաեւ հայտնել է, որ 2007 թ-ի վերջի դրությամբ “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” սպասարկել է 33 788 ֆիզիկական եւ 3 612 իրավաբանական անձանց:

Ֆինանսական հաշվետվության համաձայն, շուկայում բանկի կողմից վարկերի տրամադրման մասնաբաժինը կազմել է 12.1%, իսկ 2007 թ-ի վերջի դրությամբ բանկի կողմից հիփոթեքային վարկերի տրամադրման մասնաբաժինը կազմել է 32.5% (մոտ $80 մլն): Բանկի վարկային փաթեթը, գլխավոր տնօրենի խոսքերով, 2007 թ-ին կազմել է մոտ $270 մլն: Շուկայում ավանդներ ներգրավելու բանկի մասնաբաժինը կազմել է 17.5%:

Թիմ Սլեյթերը հայտնել է, որ այս տարի բանկը նախատեսում է Երեւանում Սպասարկման ազգային կենտրոն եւ երկու մասնաճյուղ բացել: “Սպասարկման ազգային կենտրոնը բացվում է մասնաճյուղերը բեռնաթափելու եւ դրանց հաճախորդների սպասարկմամբ զբաղվելու ավելի մեծ հնարավորություն տալու նպատակով”,- ասել է բանկի ֆինանսական տնօրեն Գեւորգ Թարումյանը:

Պատասխանելով լրագրողների` “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” բանկոմատներից այլ բանկերի հաճախորդների օգտվելու ժամանակ մեծ գումար գանձելու մասին հարցին, բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը հայտնել է, որ Հայաստանի տարածքում իրենց բանկոմատներն աշխատում են միջազգային համակարգով` գանձելով միեւնույն գումարը բոլոր այն երկրներում, ուր ներկա է HSBC-ն:

Թիմ Սլեյթերը հայտնել է, որ մինչեւ այս տարվա 4-րդ եռամսյակը HSBC-ի հայաստանյան բանկոմատներում նախատեսվում է նոր ծրագրային փաթեթ ներդնել, որոնց շնորհիվ “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” ծառայություններից օգտվելն ավելի հարմարավետ կդառնա այլ բանկերի հաճախորդների համար: Նա ավելացրել է, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է բանկոմատների թիվը 40-ից հասցնել 50-ի:

Դիտում՝ 5569
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW