Երեւան /Մեդիամաքս/. Նեյչո Վելիչկովը նշանակվել է “ԱրմենՏել” ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն##: Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ԱրմենՏելի”` ռուսաստանյան “Վիմպելկոմ” ԲԲԸ դուստր ընկերության մամլո ծառայությունում:Մեկնաբանելով Նեյչո Վելիչկովի նշանակումը, “Վիմպելկոմի” ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը հայտարարել է, որ Հայաստանում ընկերությունն արտոնագրեր ունի կապի բոլոր տեսակների համար, եւ գլխավոր տնօրեն ընտրելիս հիմնականում կարեւորվել է Վելիչկովի կառավարման բազմակողմանի եւ հաջողակ փորձը:“ԱրմենՏել” ընկերությունը մեր բիզնեսի կարեւոր բաղադրիչն է եւ շատ հարցերում այն հանդիսանում է այլ երկրներում “Վիմպելկոմ” ընկերության զարգացման ռազմավարության որոշիչ տարր”,- նշել է Դմիտի Պլեսկոնոսը` վստահություն հայտնելով, որ նոր գլխավոր տնօրենի գիտելիքները կօգնեն ընկերությանն արդյունավետ իրագործել իր առջեւ դրված խնդիրները` հեռահաղորդակցության ոլորտի նորագույն տեխնոլոգիաների ներդրման առումով, ինչպես նաեւ զբաղեցնել սպասարկման ոլորտի առաջատարի դիրքերը:“Ես շատ ուրախ եմ լինել “Վիմպելկոմի” թիմում եւ ղեկավարել “ԱրմենՏելը”, որը Հայաստանի խոշորագույն ընկերություններից է”,- ասել է Նեյչո Վելիչկովը: Նրա խոսքերով, այսօր ընկերության կարեւորագույն նպատակներից է Beeline ապրանքանիշի զարգացումը Հայաստանի տարածքում, 3-րդ սերնդի ցանցի հիման վրա ծառայությունների մատուցումն ու կոնվերգենտ լուծումների գործարկումը, ինչպես նաեւ կապի որակի եւ սպասարկման մակարդակի բարձրացումը:“Հասնելով հաջողությունների նշված ուղղություններում` մենք կունենանք հեղինակություն Հայաստանի բնակչության շրջանում եւ կդառնանք հանրապետության սպասարկման ոլորտի առաջատար ընկերություն”,- ասել է “ԱրմենՏելի” նոր գլխավոր տնօրենը:Նեյչո Վելիչկովը 46 տարեկան է, նա ծնվել է Բուլղարիայում, բարձրագույն կրթությունը ստացել է Ռուսաստանում: 2001 թ-ին մագիստրոսի աստիճան է ստացել ԱՄՆ Սիեթլի համալսարանում, իսկ 2007-ին` կառավարման եւ մենեջմենթի դիպլոմ Մասաչուսեթսի տեխնոլոլգիական ինստիտուտում: Ավելի վաղ Նեյչո Վելիչկովը զբաղեցրել է Բուլղարիայի խոշորագույն բջջային օպերատոր MobilTel-ի կորպորատիվ վաճառքի պատասխանատուի պաշտոնը: 2005 թ-ից նա եղել է “Բուլղարական հեռահաղորդակցության ընկերության” վաճառքի եւ մարքեթինգի մենեջերը: Tweet Դիտում՝ 6022