Գրանթ Թորնթոնը նախաձեռնում է «Մեկ միլիոն դրամ» մարտահրավերը

11.02.2021 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրանթ Թորնթոն #«Մեկ միլիոն դրամ» #մարտահրավեր
Ձգտելով հնարավորինս մեղմացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից զանձազերծված պատերազմի աղետալի հետեւանքները, ինչպես նաեւ գիտակցելով գործարար համայնքի դերն ու նշանակությունը երկրի տնտեսական կյանքում՝ Գրանթ Թորնթոն ընկերությունը նախաձեռնում է «Մեկ միլիոն դրամ» մարտահրավերը, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ նվիրաբերելով 1,000,000 դրամ, ինչպես նաեւ խրախուսելով այլ կազմակերպություններին վարվել նույն կերպ:

Նախաձեռնության հեղինակ, Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ընկերության ղեկավար Գուրգեն Հակոբյանը նշել է.

«2020 թվականը ծանր տարի էր հատկապես Հայաստանի համար. համավարակով պայմանավորված որոշակի բարդություններ ստեղծվեցին, որին հետեւեց պատերազմը: Ստեղծված իրավիճակում գիտակցելով ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ յուրաքանչյուրիս կողմից ձեռնարկած միջոցների կարեւորությունը՝ պատերազմի սկզբում որոշեցինք միանալ «Մեկը երկու դարձնենք» ծրագրին եւ մեր կազմակերպության աշխատակիցների կողմից վճարվող դրոշմանիշային վճարների չափով նվիրաբերություն կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: Հետագայում, ցանկանալով շարունակական աջակցություն ցուցաբել պատերազմի հետեւանքով տուժածներին՝ որոշում կայացրեցինք հանդես գալ մեր սեփական նախաձեռնությամբ եւ հրավիրել այլ կազմակերպություններին հետեւել մեր օրինակին»:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի պաշպանության ժամանակ կյանքը կամ առողջությունը զոհաբերած զինվորներին կամ նրանց ընտանիքներին ֆինանսական հատուցում տրամադրելու առաքելությամբ։

Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը նշել է, որ  Հիմնադրամը փետրվարի 10-ի դրությամբ հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում  553 ընտանիք։ Հատուցումների ցուցակը փոփոխվում է յուրաքանչյուր շաբաթ նոր շահառուների անվանացանկով։



«Հիմնադրամը շարունակում է կատարել իր առաքելությունը` յուրաքանչյուր շաբաթ ավելի քան 100 նոր հատուցում տրամադրելու խոստումով: Սակայն, ցավոք սրտի, հիմնադրամի ֆինանսական միջոցների եւ պարտավորությունների միջեւ անդունդը մեծացել է։ Իր առջեւ ծառացած ֆինանսական դժվարությունները հաղթահարելու եւ բոլոր շահառուներին կայուն եւ հավասար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով հիմնադրամն ունի աջակցության կարիք: Այս կոնտեքստում կարեւորում ենք Գրանթ Թորնթոնի նախաձեռնությունը եւ հույս ենք հայտնում, որ այն վարակիչ կլինի այլ կազմակերպությունների համար, քանի որ ըստ հաշվարկների՝ նախաձեռնությանը 300 կազմակերպություն ներգրավելու դեպքում հիմնադրամը հնարավորություն կունենա ապահովել 1,500 շահառու ընտանիքների մեկ տարվա ֆինանսական բարօրությունը»,- ասել է Ավետիքյանը:

«Կարծում եմ` մենք՝ գործարարներս, կարող ենք այս նախաձեռնությունը դիտարկել նաեւ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մաս՝ մեր հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերելով պատերազմի մասնակիցներին եւ նրանց ընտանիքներին: Վստահ եմ, որ միավորվելով գործարար համայնքը կկարողանա ավելի նպատակային եւ արդյունավետ գործել՝ սատարելով պետությանը եւ կանգնելով այն մարդկանց կողքին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի եւ բոլորիս անվտանգությունը ապահովելու համար»,- եզրափակել է Գուրգեն Հակոբյանը:

Նախաձեռնությանը միանալու համար այցելեք Հիմնադրամի կայք:
Դիտում՝ 1263
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW