Մեկնարկել է 1000+ հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը

23.01.2021 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#1000+ հիմնադրամ #«Կամուրջ» ֆինանսավորման ծրագիր
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը (1000+) տեղեկացնում է, որ մեկնարկվել է «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը։ Մասնավորապես.

ՀՀ կառավարության 2020թ․ դեկտեմբերի որոշմամբ Հիմնադրամին է հատկացվել 500 մլն դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին 6 ամիս շարունակ ամսական 200,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, որին կգումարվի նաեւ Հիմնադրամի խորհրդի 2017թ․ որոշման 9-րդ կետով սահմանված 100,000 դրամը։

«Կամուրջ» ծրագրի շահառու են դառնալու այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ զինծառայողի վիրավորումն այնպիսին է, որ բուժման ավարտից հետո մեծ է հավանականությունը, որ զինծառայողը կստանա 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ։  

Եզրակացությունը բժշկական հաստատությունը տրամադրում է առաջնորդվելով սահմանված վնասվածքների եւ խեղումների ցանկով։ «Կամուրջ» ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո զինծառայողի 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում, զինծառայողը Հիմնադրամից կստանա ամբողջական հատուցումներ՝ նվազեցնելով «Կամուրջ» ֆինանսավորման շրջանակում փաստացի ստացված գումարները:
 
Ծրագրի շահառու դառնալու համար զինծառայողը կամ ընտանիքը որեւէ հաստատություն դիմելու կարիք չունի՝ նրանց հետ կապ կհաստատեն Պաշտպանության նախարարությունից։

«Կամուրջ» ծրագիրը հատուցելու է նաեւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։

ՀՀ կառավարության 2020թ․ դեկտեմբերի 10-ի որոշմամբ, Հիմնադրամին է հատկացվել եւս 500 մլն դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 6 ամիս շարունակ ամսական 300,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։

«Կամուրջ» ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո դատարանի կողմից զինծառայողի անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում, օրենքով նախատեսված շահառուները Հիմնադրամից կստանան ամբողջական հատուցումներ` նվազեցնելով կամուրջ ֆինանսավորման շրջանակներում փաստացի ստացված գումարները:

Այս ծրագրի շահառու դառնալու համար եւս ոչ մի տեղ դիմելու անհրաժեշտություն չկա։

Հատուցումները տրամադրվելու են 2020թ․ դեկտեմբերի 24-ին ընդունված որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը եւ ամուսինը։

Հիշեցնենք, որ 2017թ․ ստեղծված Հիմնադրամի միջոցները ձեւավորվում են Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների գրանցված աշխատողների ամսական աշխատավարձից՝ դրոշմանիշային վճարների տեսքով, ինչպես նաեւ ստացված նվիրաբերությունների շնորհիվ։
Դիտում՝ 3185
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW