Արցախի քաղաքացիների վարկերը փոխհատուցելու նախագիծ է մշակվել

02.02.2021 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #Արայիկ Հարությունյան #վարկերի փոխհատուցում
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված քաղաքացիների վարկերի եւ փոխառությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը։

Ներկայացվել է, որ Արցախի կառավարության մշակած պետական աջակցության ծրագրի նախագծի հաստատման դեպքում, առաջիկայում պետական աջակցությունից կարողանալու են օգտվել ֆիզիկական եւ իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը ստացած հիպոթեքային, բիզնես եւ սպառողական վարկեր ու փոխառություններ։

Մասնավորապես, հիփոթեքային վարկերի համար 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023-ի հոկտեմբերի 1-ը ժամանակացույցով նախատեսված բոլոր վճարումները Արցախում փաստացի ապրող քաղաքացիներին փոխհատուցվելու են պետության կողմից՝ մինչեւ 30 մլն դրամ չափով։ Բայց 5 տարվա ընթացքում բնակտարածքը վաճառելու դեպքում՝ աջակցության գումարը վերադարձվելու է պետությանը։

Բիզնես վարկերի, փոխառությունների կամ լիզինգի համար՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսագումարները հատուցվելու են, իսկ մինչեւ 2021-ի հուլիսի 1-ը ժամանակացույցով նախատեսված մայր գումարների վճարումները բաշխվելու են վարկի հետագա ժամկետի վրա։ 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021-ի հուլիսի 1-ը վարկի վերջնաժամկետը լրանալու դեպքում մայր գումարի մարումը նախատեսվում է հաջորդ 6 ամիսների ընթացքում՝ հավասարաչափ։ Նշված վարկերի փոխհատուցման ծրագրից կարողանալու են օգտվել այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք գործում են եւ նրանց գործունեությունը շարունակական է։ Նախատեսվում է նաեւ բոլոր բիզնես վարկերի սուբսիդավորում՝ ըստ ոլորտների առավել օպտիմալ տոկոսադրույքների սահմանմամբ։

Ֆիզիկական անձանց՝ մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը ստացած սպառողական վարկերի (օվերդրաֆտ) եւ փոխառությունների մասով նախատեսվում է 3 տարի ժամկետով փոխհատուցել պարտավորությունները՝ առավելագույնը 3 մլն դրամ չափով։ Ըստ նախագծի՝ աջակցությունից կարողանալու են օգտվել միայն ԱՀ-ում փաստացի բնակվող շահառուները։

Պետական աջակցության ծրագրով լրացուցիչ արտոնություններ են նախատեսվում շահառուների մի շարք կատեգորիաների համար։ Մասնավորապես՝ ԱՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ շփման գծում մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով՝

ա) զոհված (մահացած), 1-ին կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց կամ նրանց ընտանիքների անդամների համար կներվեն (կփոխհատուցվեն) հիփոթեքային, սպառողական, ինչպես նաեւ բիզնես վարկերի դիմաց ձեւավորված պարտավորությունները, վերջինների դեպքում՝ առավելագույնը 30 մլն դրամի չափով,

բ) անհայտ բացակայող համարվող քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների համար հիփոթեքային, սպառողական վարկերը, ինչպես նաեւ բիզնես վարկերի դիմաց առաջացած պարտավորությունները կփոխհատուցվեն անհայտ բացակայող լինելու ողջ ժամանակահատվածում, վերջինների դեպքում՝ առավելագույնը 30 մլն դրամի չափով,

գ) 2-րդ կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձինք կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 50 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 6.8 մլն դրամ հիփոթեքային եւ ոչ ավելի, քան 10 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 10 մլն դրամի սահմաններում,

դ) 3-րդ կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձինք կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 30 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 4 մլն դրամ հիփոթեքային եւ ոչ ավելի, քան 6 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 8 մլն դրամի սահմաններում,

ե) պատերազմական գործողությունների մասնակիցները կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 15 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 2 մլն դրամ հիփոթեքային եւ ոչ ավելի, քան 3 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 5 մլն դրամի սահմաններում։

Պատերազմական գործողությունների հետեւանքով ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում վարկային միջոցներով ձեռք բերված կամ վերանորոգված գույքի սեփականատերերի համար ներվելու կամ փոխհատուցվելու են բոլոր տեսակի վարկերը եւ փոխառությունները՝ բիզնես վարկերի դեպքում՝ հետագայում գույքի նկատմամբ պետական սեփականության իրավունքի գրանցման պայմանով։ Տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց գույքը մասամբ մնացել է այդ համայնքներում կամ ոչնչացվել է, նախատեսվում է պարտավորությունների ներում կամ կորստին համամասնորեն փոխհատուցում։

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է վերջնականացնել ծրագրի նախագիծը, որը կարող է քննարկումների արդյունքում որոշ փոփոխությունների ենթարկվել, եւ ներկայացնել հաստատման:
Դիտում՝ 2474
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW