ԿԲ նախագահ. 12-ամսյա գնաճը զգալիորեն ավելացել է

02.02.2021 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #գնաճ
2020թ. դեկտեմբերին արձանագրվել է 3,4% գնաճ՝ հիմնականում պայմանավորված ներմուծված ապրանքների գների աճով, որի պարագայում 12-ամսյա գնաճը զգալիորեն ավելացել է՝ տարեվերջին կազմելով 3,7%:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը։

«2021-ի սկզբին, ՀՀ հիմնական գործընկերներից ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշած սցենարին համահունչ դիտվում են տնտեսական ակտիվության եւ պահանջարկի վերականգնման միտումներ, մինչդեռ Եվրագոտում արձանագրվում են սպասվածից ավելի դանդաղ աճի տեմպեր՝ պայմանավորված համավարակի հետ կապված սահմանափակումներով։

Միաժամանակ, համաշխարհային պահանջարկի վերականգնման սպասումների եւ մի շարք առաջարկների գործոնների ազդեցությամբ հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դրսեւորվել գնաճային միտումներ՝ ինչն արտահայտվում է նաեւ գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձեւավորմամբ»,- նշել է ԿԲ նախագահը։    

ԿԲ գնահատմամբ՝ արտաքին հատվածի տնտեսության վրա շարունակում է պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություն։

Մարտին Գալստյանի խոսքով՝ 2020-ի չորրորդ եռամսյակում Հայաստանում ռազմական դրության հաստատման, համավարակի տարածման եւ տնտեսական աճի հեռանկարների հետ կապված մեծ անորոշության պարագայում արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն։ Տնտեսական անկումը մեծապես պայմանավորվել է ծառայությունների ոլորտի նվազումով՝ արտացոլելով թույլ պահանջարկի պահպանումը։

«Կանխատեսվում է, որ ներքին պահանջարկի վրա լրացուցիչ բացասական ազդեցություն կունենա տնտեսության վարկավորման աճի տեմպերի նախանշվող դանդաղումը։

Միաժամանակ, նշված զարգացումներին զուգահեռ, վերջին ամիսներին արձանագրվում է միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի գնահատականի որոշակի բարելավում: Այս ամենով հանդերձ, ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ ներկա իրավիճակում կարեւոր է տնտեսության ներուժային մակարդակի աճին նպաստող կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության համապատասխան ծախսային ռազմավարության որդեգրմամբ»,- ասել է Մարտին Գալստյանը։



Նա նշել է, որ չնայած պահպանվող թույլ պահանջարկի եւ գնաճի՝ հիմնականում առաջարկի գործոններով պայմանավորված զարգացումներին, ԿԲ-ն նպատակահարմար է գտել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

«Հետեւողական ենք լինելու նաեւ համարժեք գործողություններով չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Նման պայմաններում կանխատեսվող հորիզոնում գնաճը կգտնվի նպատակային 4% ցուցանիշի շրջակայքում»,- հավելել է ԿԲ նախագահը։
Դիտում՝ 2413
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW