Web-ն ու Arminco-ն բողոքում են “ԱրմենՏելից”, օպերատորը նրանց բողոքները համարում է անհիմն
08.05.2008 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը## (ՏՄՊՀ)“ԱրմենՏել” ընկերության դեմ վարույթ է սկսել Web եւ Arminco ինտերնետ պրովայդերների հայտարարությունների հիման վրա:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է հանձնաժողովի մամլո քարտուղար Արմինե Ուդումյանը, իրենց հայտարարություններում պրովայդերները նշել են, որ “ԱրմենՏել” ընկերության ինտերնետի մուտքի ծառայություններ տրամադրելու պայմաններում կան մրցակցության սահմանափակման դրսեւորումներ:
Web-ի եւ Arminco-ի հայտարարություններում նշվում է, որ “ԱրմենՏելը” Hi-Line Unlimited ինտերնետ-ծառայություն է տրամադրում` օգտագործելով ժամանակին իրեն մենաշնորհային կարգով պատկանող հեռախոսային ցանցի ենթակառույցները, իսկ մյուս պրովայդերները զրկված են նման հնարավորությունից”:
Արմինե Ուդումյանը հայտնել է, որ պրովայդերները դիմել են հանձնաժողովին տվյալ խնդիրն ուսումնասիրելու, ինչպես նաեւ “ԱրմենՏել” ընկերությունն ինտերնետ-ծառայության շուկայում գերակշռող դիրք զբաղեցնող ճանաչելու հարցը քննարկելու խնդրանքով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով պրովայդերների գործողությունները` “ԱրմենՏելի” մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանն ասել է, որ “մեր ընկերության հանդեպ բողոքներն այնքան էլ հասկանալի չեն, քանի որ շատ պրովայդերներ իրենք են կազմակերպում իրենց հասանելիությունը տվյալների փոխանցման միջազգային ուղիներին` կազմակերպելով մուտք գործող տրաֆիկը արբանյակային ալեհավաքների միջոցով եւ միայն դուրս եկողը` “ԱրմենՏելի” միջոցով:
Մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, որ “ԱրմենՏելը” պրովայդերներին առանձնացված հեռախոսագծեր չի տրամադրում, Անուշ Բեգլոյանն ընդգծել է, որ “մենք տրամադրել ենք եւ շարունակում ենք տրամադրել պրովայդերներին նմանատիպ հնարավորություն”:
“Հարցն այն է, որ տեխնիկապես դա միշտ չէ որ հնարավոր է: Ենթակառուցվածքի օգտագործման հնարավորությունը խիստ սահմանափակ է, եւ “ԱրմենՏելը” ձգտում է առաջին հերթին բավարարել վերջնական սպառողների պահանջները եւ հետո միայն` առեւտրային հաճախորդների՚,- ասել է “ԱրմենՏելի” մամլո քարտուղարը:
“Ցանկացած դեպքում “ԱրմենՏելը” հետեւելու է օրենքին, եւ մեր դիրքը մենք փաստարկելու ենք միայն գործող օրենսդրության շրջանակներում”,- ամփոփել է Անուշ Բեգլոյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: