Բանկերը հրաժարվում են համագործակցել Թրամփի հետ

13.01.2021 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թրամփ #Deutsche Bank #Signature Bank

Դոնալդ Թրամփի ընկերությունների հաշիվները սպասարկող Deutsche Bank-ն ու Signature Bank-ը Կապիտոլիումի գրոհից հետո որոշել են դադարեցնել նրա հետ համագործակցությունը, հայտնում է Frank Media-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։

Մասնավորապես, ԱՄՆ թոփ-40 բանկերի մեջ մտնող Signature Bank-ը, որը 2009 թվականից ֆինանսավորում էր Trump Organization-ը, փակում է Թրամփի երկու անձնական հաշիվները, որոնց վրա նա ուներ մոտ $5,3 մլն։

Վերջին 11 տարիների ընթացքում բանկը ֆինանսավորել է Ֆլորիդայում գտնվող Թրամփի գոլֆի ակումբը, ինչպես նաեւ գումար է տրամադրել Թրամփի հարազատներին: Թրամփի դուստրը՝ Իվանկան, հանդիսանում էր բանկի տնօրենների խորհրդի անդամ:

Իրավիճակը փոխվեց 2021թ․ հունվարի 6-ից հետո, երբ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ արտահայտվող Թրամփի կողմնակիցները գրավեցին Կոնգրեսի շենքը:

«Մենք նախկինում երբեւէ չենք մեկնաբանել որեւէ քաղաքական հարցեր եւ, հուսով ենք, որ այլեւս երբեք դա չենք անի: Մենք ականատես եղանք՝ ինչպես է ԱՄՆ նախագահը խրախուսում անկարգությունների մասնակիցներին»,- նշել են բանկում եւ կոչ արել Թրամփին վաղաժամկետ հրաժարական տալ՝ «իշխանության խաղաղ փոխանցումն ապահովելու համար»:

Իսկ Deutsche Bank-ը, որին Trump Organization-ը դեռ պարտք է մոտ $300 մլն (վարկի մարման ժամկետն ավարտվում է 2023-ին եւ 2024-ին), ցանկանում էր խզել հարաբերությունները Թրամփի հետ դեռեւս ընտրություններից առաջ: Bloomberg-ի զրուցակիցներն ասում են, որ այժմ բանկը որոշել է ոչ մի գործ չվարել ոչ Թրամփի, ոչ էլ նրա ընկերության հետ: 2020թ․ դեկտեմբերին հրաժարական տվեց Deutsche Bank-ի ամերիկյան ստորաբաժանման մասնավոր կապիտալի կառավարման վարչության ղեկավար Ռոզմարի Վրաբլիչը, որը 2011 թվականից Թրամփի «անձնական բանկիրն էր»:

Կոնգրեսի գրոհից մեկ օր անց Deutsche Bank Americas-ի գլխավոր տնօրեն Քրիստիանա Ռայլին գրառում էր կատարել LinkedIn-ում. «Երեկ Ամերիկայի եւ մեր ժողովրդավարության համար մութ օր էր: Մենք հպարտանում ենք մեր սահմանադրությամբ եւ աջակցում նրանց, ովքեր ձգտում են այն պաշտպանել՝ ապահովելու համար քաղաքացիների կամքն ու իշխանության խաղաղ փոխանցումը»:

Դիտում՝ 4122
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW