«Մանթաշով» գործարարների միությանը անդամակցող 70-ից ավել ընկերություններ առաջարկում են չեղյալ ճանաչել կառավարության որոշումը՝ Հայաստանում կարանտինը 6 ամսով երկարաձգելու մասին:«Մանթաշով» գործարարների միության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.«2020 թվականին նոր տեսակի կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով Հայաստանի տնտեսությունն ահռելի կորուստներ է կրել՝ ունենալով առնվազն 8% անկում։ Դա իր հետ բերել է աշխատատեղերի կրճատում, աղքատության թվի ավելացում, սոցիալական լարվածություն, ապրանքների եւ ծառայությունների մրցունակության նվազում։ Գրեթե 10 ամսվա կարանտինի հետեւանքները չվերացրած՝ եւս 6 ամսով կարանտինի երկարացումը, մեր համոզմամբ, պարալիզացնելու է հայաստանյան տուրիստական, ռեստորանային, հյուրանոցային, միջոցառումների կազմակերպման եւ այլ ոլորտների գործունեությունը, միաժամանակ ծանր հոգեբանական ճնշում է գործադրելու հասարակության վրա: Այսօր առավել քան երբեւէ, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել տնտեսությունն օր առաջ վերականգնելու ուղղությամբ: Միաժամանակ հարկ է նշել, որ առողջապահական համակարգն արդեն ունի փորձ համաճարակին դիմագրավելու համար, հետեւաբար առաջարկում ենք չեղյալ ճանաչել կառավարության որոշումը՝ կարանտինը Հայաստանի Հանրապետությունում 6 ամսով երկարաձգելու մասին»: Tweet Դիտում՝ 1949