Ամիսներ առաջ հիմնադրված «Մանթաշով գործարարների միությունը» համախմբում է ոլորտի ներկայացուցիչներին՝ գործարար միջավայրի զարգացման ու առաջխաղացման նպատակով: Banks.am-ի թղթակիցը զրուցել է միության հիմնադիր անդամների հետ կազմակերպության ստեղծման անհրաժեշտության, նպատակների եւ առաջիկա անելիքների մասին:Միասնական լուծումներ«Մանթաշով» միությունը ստեղծել են 13 խոշոր գործարարներ, որոնց թվում են «Արտ Լանչի», «Գենացվալե» պանդոկի, «Բայազետ» մսամթերքի ընկերության, One way tour-ի եւ այլ բիզնեսների հիմնադիրներ: Կազմակերպության հիմնադիր նախագահ, «Տրոպիկա» ՍՊԸ համահիմնադիր Վահրամ Միրաքյանը պատմում է, որ «Մանթաշով»-ի ստեղծման գլխավոր նպատակը ոլորտի խնդիրների համար միասնական լուծումներ գտնելն է, որը կբերի գործարարության զարգացմանը:«Հայաստանում կա միտում, որ ամեն մի գործարար ինքն իր դաշտում ինչ-որ խնդիրներ է լուծում, որոշ խնդիրներից դժգոհում, որոշ հարցեր չի կարողանում լուծել: Կա մեկ պարզ ճշմարտություն, այն է՝ երբ որ միավորված ես, այդ բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ են լուծվում, ու դժգոհությունը տեղափոխվում է կառուցողական դաշտ»,- նշում է նա: Լուսանկարը՝ «Մանթաշով» ակումբ Միջավայր, կրթություն եւ համագործակցությունՎահրամ Միրաքյանի խոսքով՝ 3 հիմնական խնդիր են դրել իրենց առջեւ: Առաջինը միջավայրի բարեփոխումն է, որը ենթադրում է նաեւ օրենսդրական դաշտի փոփոխությունների առաջարկներ:«Երկրորդ կարեւոր հանգամանքը մեզ համար բիզնես կրթությունն է, այսինքն` այնպիսի գիտելիք, որի հիման վրա կարող ենք դրական փոփոխություններ մտցնել մեր բիզնեսներում: Երրորդը համագործակցությունն է ֆորմալ եւ ոչ ֆորմալ կապերի, շփումների միջոցով»,- մանրամասնում է նա:Վահրամ Միրաքյանը կարեւորում է գործարարի՝ անդադար կրթվելու պատրաստակամությունը, քանի որ ժամանակներն արագ են փոխվում եւ պետք է կարողանալ առաջ շարժվել նոր պահանջներին համընթաց: Լուսանկարը՝ «Մանթաշով» ակումբ Գործարարի «սեւ» իմիջըՄիության անունն անդամներն ընտրել են ի պատիվ հայ նշանավոր բարեգործ Ալեքսանդր Մանթաշովի՝ որպես հայ գործարարության խորհրդանիշի: Միության հիմնադիր նախագահը կարծում է, որ հայաստանյան բիզնես ոլորտում կա գործարարության խորհրդանիշների պակաս:«Մենք ունենք անհաջող գործարարների փորձ, որոնք իշխանական լծակների օգնությամբ կամ այլ կոռուպցիոն ճանապարհներով են հասել իրենց կարողությանը: Այդ մարդկանց կերպարը ընդհանուր բացասական ազդեցություն է ունենում ամբողջ գործարարության ոլորտի վրա: Միաժամանակ, կան բազմաթիվ այլ գործարարներ, որ արդար քրտինքով ստեղծել են իրենց բիզնեսը: Նրանց օրինակը պետք է վարակիչ լինի մյուսների համար»,- նշում է Վահրամ Միրաքյանը՝ հավելելով, որ տնտեսության զարգացման համար բիզնեսով զբաղվելը պետք է դառնա մոդայիկ:«Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանի համար եւս միության ստեղծման հիմնական դրդապատճառը գործարարի իմիջի բարձրացումն է:«Մեկ գործարարի համար դա անելը դժվար է, բայց երբ ուժերը համախմբվեն, հնարավոր կլինի համախմբված ուժերով եւ ավելի մեծ ռեսուրսներով լուրջ աշխատանք կատարել այս ուղղությամբ: Գործարարի դրական կերպարի ձեւավորումն անչափ կարեւոր է եւ այդ մասին խոսում են արտասահմանյան հաջողակ ընկերությունների օրինակները»,- ասում է նա: Բակուր Մելքոնյանը Լուսանկարը՝ Հանրային հեռուստաընկերություն Անդամակցության կարգը Վահրամ Միրաքյանը նշում է, որ միությանն անդամակցելու համար գործում են որոշակի չափորոշիչներ: Գործարարը պետք է առնվազն 2 տարի հանդիսանա բիզնեսի հիմնադիր, ունենա նվազագույնը 15 աշխատակից եւ երաշխավորվի միության անդամներից մեկի կողմից: Կառույցի անդամակցության վճարն ամսական 20 000 դրամ է, որը ծախսվում է միության բնականոն գործունեության ապահովման համար: Կազմակերպության անդամ դառնալու գործընթացը տեւում է 1-2 ամիս: «Գենացվալե» պանդոկի հիմնադիր Հակոբ Չոբանյանն ասում է, որ գործարարության ոլորտում միշտ խնդիրներ են առաջանում եւ գործարարի խնդիրը դրանց ճիշտ ժամանակին ճիշտ լուծումներ տալն է:«Ինչքան շատ անդամներ լինեն, այնքան ավելի լայն կապեր կձեւավորվեն միության ներսում եւ միության անդամների քանակի մեծացման հետ մեր ձայնն ավելի լսելի կդառնա: Այս պահին միությունում ունենք մոտ 50 անդամ՝ ներառյալ այն գործարարներին, որ դեռեւս անդամակցման փուլում են»,- նշում է նա: Հակոբ Չոբանյանը՝ ձախից Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Դեպի օրենսդրական փոփոխություններ«Հայաստանում օրենսդրական դաշտը մշակվում է խախտումներն ու անօրինականությունները պատժելու համար, սակայն հաշվի չի առնվում այն, որ դրանից կարող են տուժել նաեւ օրինական աշխատող գործարարները: Եթե գործարարների 10 կամ 20 տոկոսը փորձում է խաբել պետությանը, պատժվում են բոլորը: Պետությունը հաճախ մտածում է ոչ թե ոլորտի զարգացման, այլ պատժելու մասին, իսկ բիզնեսի զարգացման ուղղությամբ նախաձեռնությունները համեմատաբար ավելի քիչ են»,- կարծում է Վահրամ Միրաքյանը:Նրա խոսքով՝ միությունն արդեն ունեցել է մի շարք հանդիպումներ պետական պաշտոնյաների հետ եւ կշարունակի մշակել ու ներկայացնել առաջարկություններ՝ նպաստելով դրական փոփոխություններին:«Ոլորտային խնդիրներից թերեւս ամենակարեւորը տեսչական մարմինների մոտեցումն է: Քանի որ շատերս նույն բիզնեսն ունենք նաեւ արտերկրում, նկատում ենք, որ դրսում ստուգող տեսչություններն ավելի շատ զգուշացնում են եւ աջակցում, իսկ մեզ մոտ հանդես են գալիս որպես տուգանող»,- ասում է Հակոբ Չոբանյանը՝ հավելելով, որ փորձելու են փոխել այս մոտեցումը, քանի որ խնդիրը համատարած է:«Մանթաշով գործարարների միության» նոր առաջարկություններից մեկն ուղղված կլինի բիզնես ոլորտի պաշտպանությանը: Մասնավորապես, մտադրություն կա ներդնելու բիզնես օմբուդսմենի ինստիտուտը, որն առկա է միջազգային պրակտիկայում:Գայանե ԵնոքյանԼուսանկարները՝ «Մանթաշով» գործարար ակումբ, անձնական արխիվ Tweet Դիտում՝ 9864