Մանթաշյանց` «քեփ անող» ու «փուղ բաժանող» նավթի արքան

03.03.2017 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Էնպես է իրեն պահում, ասես Մանթաշովի թոռը լինի». մահից ավելի քան մեկ հարյուրամյակ հետո էլ շրջանառվող այս արտահայտությունը, թերեւս, անհիմն չէ: Նրան ճանաչում եւ պատկառանքով էին վերաբերվում ամենուր՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս՝ Թիֆլիսում, Բաքվում, Պետերբուրգում, Փարիզում, Մանչեսթրում... «Նավթի արքա», որը մրցակցում է հայտնի Նոբելների ու Ռոթշիլդների հետ:  

Մարտի 3-ին հայ մեծ գործարար եւ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է: Մարտի 3-ը Հայաստանում նշվում է որպես Գործարարի օր՝ ի հիշատակ Մանթաշյանցի:

Միակ զարդը՝ թարմ ծաղիկը

Բաքուն չէր սիրում: Բաքուն նավթ էր, փող աշխատելու վայր, ամեն ինչ ծառայում էր նավթարդյունահանմանը, հետեւաբար այստեղ այցելում էր հազվադեպ` անհրաժեշտությունից դրդված:

Նախընտրում էր ապրել երկու քաղաքում՝ Թիֆլիսում ու Փարիզում: Թիֆլիսում բոլորը՝ մեծից փոքր, հայ թե օտարազգի, ճանա֊չում էին նրան: Քաղաքի կենտրոնում սեփական տուն ուներ՝ ընդարձակ պարտեզով, այնուամենայնիվ Թիֆլիսում համեստ կյանք էր վարում:

«Ոսկեղեն կամ ակնեղեն չէր սիրում ու չէր գործածում, ոչ մատանի, ոչ փողկապի վրա եւ առհասարակ որեւէ զարդ չէր կրում: Միակ զարդը, որ սիրում էր կրել, թարմ ծաղիկն էր: Երբեք չուզեց սեփական կառք ունենալ՝ կամ ոտքով էր շրջում, կամ տրամվայ նստում: Հազվադեպ առիթներով էր միայն կառք վարձում»,- իր հուշերում գրում է Մանթաշյանցի կենսագիր, պոլսահայ պատմաբան Առաքել Սարուխանը:

Խաչատուր Դադայանի «Ալեքսանդր Մանթաշյանց» գիրքը

Վայելքները՝ Թիֆլիսից դուրս

Այլ բան էր Փարիզը, որտեղ Մանթաշյանցը շքեղ բնակարան ուներ Avenue des Champs Elis-e-ում: Թիֆլիսից դուրս նա միանգամայն այլ կյանք էր վարում, փող չէր խնայում կյանքի հաճույքների վրա: Պատմում էին, որ ահռելի փողեր է ծախսում, որպեսզի հաճույք ունենա նախաճաշելու կամ ճաշելու «գերազանցությունների ու նորին գերազանցությունների հետ»: Ամեն զոհողությունների պատրաստ էր, միայն թե որեւէ նախարարի հետ պարզապես զբոսնի փողոցով:

Երկու թուլություն ուներ՝ թատրոնն ու բրիջը: Երեկոյան՝ ազատ ժամանակ, սիրում էր թատրոն գնալ. առանձին օթյակ ուներ, որտեղ հաճախ հրավիրում էր ընկերներին ու բարեկամներին:

Երբ խորհուրդ էին տալիս...

Մշտապես ուշադրությամբ լսում էր, երբ իրեն խորհուրդներ էին տալիս, անգամ քննադատությունները նրան տհաճ չէին: Բայց եթե որեւէ խնդրի շուրջ սեփական կարծիքն էր ունենում եւ ըստ դրա որոշում կայացնում, այլեւս անհնար էր նրան հակառակը համոզել: Պատահում էր, որ երբ համոզում էին՝ որոշումը փոխի, հանգիստ լսում էր բերվող փաստարկները եւ պատասխանում. «Միգուցե ձեր ասածը ճիշտ է, բայց ես այդպես եմ կամենում»:

Առաջին վիշտը

Մանթաշյանցն ուրախ բնավորություն ուներ, լավատես էր, ընկերասեր, ինչպես թիֆլիսցիներն էին ասում, սիրում էր «քեփ անել»: Հոռետեսության պատճառ էլ, ըստ երեւույթին, չուներ: Առաջին վիշտը, որ նրան պատուհասեց, հոր մահն էր, հետո՝ կնոջ: Նրա հայրը՝ Հովհաննես Մանթաշյանցը, մահացել էր իր կնոջ (Մանթաշյանցի մոր) մահից մեկ տարի անց, որդին էլ կանխազգացում ուներ, որ ինքն էլ ի՛ր կնոջից մեկ տարի հետո է մահանալու: Սնահավատություն էր, բայց այդպես էլ եղավ:

Կնոջ մահը ծանր ազդեցություն թողեց Ալեքսանդր Մանթաշյանցի վրա. նրա հաղթանդամ կազմվածքն արագ սկսեց տկարանալ: Վաղուց երիկամների հիվանդությամբ էր տառապում: Փարիզում մի քանի անգամ լուրջ վիրահատության էր ենթարկվել, հետո պարբերաբար մեկնում էր Փարիզ՝ բուժվելու: Մահացավ կնոջ մահից մեկ տարի հետո՝ արյան վարակումից:

Մանթաշյանց-բանկիրը

Պրպտուն գործարարի համար մանուֆակտուրայի բիզնեսը խիստ նեղ էր: Ուստի սկզբում նա «աչքադրում է» Կովկասի գլխավոր դրամատունը՝ «Թիֆլիսի առեւտրային բանկը», եւ աստիճանաբար գնելով դրա բաժնետոմսերը՝ դառնում է գլխավոր բաժնետեր, իսկ հետո նաեւ վարչական խորհրդի նախագահ: Ավելի ուշ բանկի մասնաճյուղերն է բացում Բաթումում եւ Բաքվում:

Հենց այդ բանկի միջոցով էլ Մանթաշյանցը վարկեր ու արտոնություններ էր տրամադրում Կովկասի հայ գործարարներին՝ իրենց բիզնեսն ամրապնդելու եւ ընդարձակելու համար:  

Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը Երեւանում

«Ա՛յ այստեղ փորեք»

Նավթարդյունաբերության մեջ հաջողություններին սկզբնապես չէր հավատում:

«Է՜հ, Միքե՛լ, ի՞նչ անեմ, շատ ես ստիպում, պետք է 40.000 ռուբլի քցեմ Կասպից ծովը, ինչ կուլի`կուլի»,- ասել էր իր ապագա գործընկերոջը՝ Բաքվում ապրող առեւտրական Միքայել Արամյանցին, երբ վերջինս նրան առաջարկել էր ներդրում կատարել նավթարդյունաբերության մեջ:

Մինչդեռ բախտը ժպտում էր նրան: «Մանթաշյանցը գնում էր նավթատեղի, ձեռնափայտը դնում էր որեւէ տեղի վրա եւ ասում՝ այստեղ փորեցեք,- գրում է Սարուխանն իր հուշերում: -Ինչու այդտե՛ղ եւ ոչ ավելի վեր կամ վար: Հողային ու նավթային ստորերկրյա շերտերի առնչությամբ նա որեւէ երկրաբանական գիտելիք չուներ. նա պարզապես առաջնորդվում էր բնազդով: Նրա մատնանշած տեղում հորը փորում էին, եւ ահա նավթն առատորեն ժայթքում էր` շարժելով դրացիների նախանձը: «Այս մարդը երջանիկ աստղի տակ է ծնվել» ,- ասում էին բոլորը»»:

1901թ., երբ Ռուսաստանի նավթարդյունաբերությունը հասել էր իր զարգացման գագաթնակետին, Նոբելի, Ռոթշիլդի եւ Մանթաշյանցի ձեռքում էր կենտրոնացած Բաքվի շրջանի ամբողջ արդյունահանման ավելի քան քառորդ մասը, իսկ այնտեղ արտադրվող կերոսինի՝ շուրջ 40%-ը: Էլ ավելի մեծ էր երեք ֆիրմաների տեսակարար կշիռն արտահանման մեջ. նրանց էր պատկանում Ռուսաստանի ներսում իրացվող բոլոր նավթամթերքների մոտ կեսը (այդ թվում՝ ավելի քան մեկ երրորդը՝ միայն Նոբելին) եւ Բաթումից արտասահման առաքման շուրջ 70%-ը:

«Փուղ բաժանելը»

Թիֆլիսի գրասենյակի աշխատասենյակում մի գանձարկղ ուներ, որտեղ պահում էր անձնական թղթեր եւ կանխիկ փող, որպեսզի հարկ եղած դեպքում բանկ չդիմի:

«Մի օր աշխատանքը վերջացնելով՝ գանձարկղը բացեց եւ 20 հատ ոսկի 5-ռուբլանոց վերցնելով՝ դրեց բաճկոնակի գրպանը: Երկուսով դուրս եկանք. գնում էինք տուն՝ ճաշելու: Փողոցում զանազան անցորդներ մեկ առ մեկ մոտենում էին, եւ նա աջուձախ բաժանում էր գրպանի ոսկիները: Միայն երկու հոգու մերժեց՝ ասելով. «Դու երեկ ստացար»: Մինչեւ տուն հասնելը գրպանում այլեւս մանր փող, այսինքն`ոսկի, չմնաց եւ հաջորդ օրը կրկին գանձարկղից վերցրեց»,- կարդում ենք Առաքել Սարուխանի հուշերում:

Մահից հետո նրա կարողությունը գնահատվում էր 25 մլն ռուբլի, մինչդեռ բարեգործությանը թողել էր ընդամենը 200 հազ. ռուբլի: Մտածում էր, որ բարեգործությունը պետք է կատարել կենդանության օրօք, որպեսզի կարողանաս հաճույք ստանալ դրա արդյունքներից:

Եկեղեցաշինություն

Ընդհանրապես, Մանթաշյանցի բարեգործությունների մասին խոսելիս պետք է հիշատակել հատկապես եկեղեցաշինությանն ուղղված նրա հանգանակությունները: Նրա ամենամեծ նվիրատվություններից մեկը Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու եւ առաջնորդարանի շինարարությանն ուղղված հանգանակությունն էր՝ ավելի քան 1 մլն 540 հազ. ֆրանկ, որից 450 հազ-ը՝ միայն տարածքի համար:

Բացի այդ, Մանթաշյանցի ֆինանսավորմամբ է կառուցվել Սբ Էջմիածնի կաթողիկոսական վեհարանը (250 հազ. ռուբլի), վերանորոգվել են Մցխեթի վրացական տաճարը (1000 ռուբլի), Թիֆլիսի Վանքի եկեղեցին (65 հազ. ռուբլի), որտեղ ամփոփված է նրա մարմինը, Սբ Էջմիածնի մայր տաճարը (50 հազ. ռուբլի) եւ այլն:

«Ուսանողն ազգի ապագան է»

Երբեմն ժամանում էր Մոսկվա կամ Պետերբուրգ եւ այնտեղ սովորող իր բոլոր հովանավորյալ ուսանողներին հրավիրում ճաշի, որից հետո ուսանողներն իրենց ափսեների տակ գումար էին հայտնաբերում:

Խիստ ուրախանում էր, երբ իր հովանավորյալ ուսանողներից նամակ էր ստանում, որով տեղեկացնում էին, որ ավարտել են բարձրագույն դպրոցը ու շնորհակալություն էին հայտնում:

Խաչատուր Դադայանի «Ալեքսանդր Մանթաշյանց» գրքից

Հովանավորյալների թվում էր Կոմիտասը, որի բեռլինյան կրթության համար ընդհանուր առմամբ տրամադրում է 18 հազ. ռուբլի, իսկ վերջում մի դաշնամուր է նվիրում նրան:  

«Քու խաթրու համար՝ կօգնեմ»

Հայ հեղինակներին վատ էր ճանաչում եւ չէր հետաքրքրվում նրանց ստեղծագործություններով, բացառությամբ այն դեպքերի, երբ մերձավորներից որեւէ մեկը նրա ուշադրությունը հրավիրում էր այս կամ այն գրողի կամ ստեղծագործության վրա:

Երբ Հովհաննես Թումանյանը նրանից օգնություն է խնդրում, սկզբում անտարբեր վերաբերմունք է դրսեւորում: «Ես նրան ասացի, թե Հովհ. Թումանյանը Սայաթ-Նովայի հաջորդն ու շարունակողն է,- գրում է Սարուխանը: -Մանթաշյանցը մնաց հիացած: Սայաթ-Նովան նրա ամենասիրած հեղինակն էր... Երբ լսեց, որ Թումանյանն իր սիրած բանաստեղծի հետնորդն է` իսկույն ընդունեց նրան եւ օգնեց»:

Այլ դեպքում, երբ Մանթաշյանցին խնդրում են, որ հոգեբուժարանում գտնվող Մուրացանին ֆինանսապես աջակցի, պատասխանում է. «Ես էդ մարդուն չեմ ճանաչում, բայց կտամ քու խաթրու»:

Թաղումը՝ «շքեղ ու անօրինակ»

Նկարվել չէր սիրում. երբ մահացավ, Թիֆլիսի գրեթե բոլոր թերթերում մահվան լուրն ուղեկցվում էր միեւնույն լուսանկարով:

Նրա մահը ցնցեց ազնվականությանը, գործարարներին, բանվորներին ու հասարակ ժողովրդին՝ Մոսկվայում, Պետերբուրգում, Թիֆլիսում, Բաքվում, Երեւանում: Ինչպես այդ օրերին գրում էին մամուլում, Մանթաշյանցի թաղումը «շքեղ էր ու անօրինակ». նրա բնակարանից մինչեւ Թիֆլիսի Վանքի եկեղեցի տանող ճանապարհին հոծ բազմություն էր հավաքվել, փակվել էին այդ ճանապարհին ընկած խանութները:

Նրա մահվան հոգեհանգստի արարողություններին մասնակցեց անգամ Բաքուն, որտեղ Բալախանի մզկիթում մուսուլմանները տեղի մոլլայի գլխավորությամբ հոգեհանգիստ մատուցեցին:

««Նավթի թագավորը», որին նեղ էր գալիս Կովկասը ու Եվրոպան, իր միլիոնները եւ ամեն ինչ թողնելով, հեռացավ այս աշխարհից՝ լոկ մի դագաղ վերցնելով իր հետ... Դագաղից ու հողից դուրս մնացին նրա բարի գործերը, որոնց մեջ անթառամ մնում է Ալեքսանդր Մանթաշյանցի անունն ու հիշատակը»,- այդ օրերին գրել էր «Հովիտ» թերթը:

Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը

Դիտում՝ 17160
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW