Ամանորին ընդառաջ՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը եւ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը համախմբել են իրենց ջանքերը բարության եւ հոգատարության գաղափարի շուրջ։ «Գաղտնի Ձմեռ պապ» համատեղ նախաձեռնության շրջանակներում Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների 300 երեխաներ այս տարի ստացան իրենց նվերները։ «2020 թվականի աշունը հավերժ կմնա մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Յուրաքանչյուր հայ այս օրերին սգում է հայրենազրկման եւ պատերազմում ընկած մեր քաջ հայորդիների կորստի ցավը։ Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ այս նախաձեռնությամբ հնարավոր չէ մեղմել այն ահռելի ցավն ու ողբերգությունը, որ այս օրերին ապրում են արցախցի ընտանիքները, եւ ցավոք սրտի, նաեւ երեխաները, սակայն այն միտքը, որ այս ծանրոցները կարող են թեկուզ թույլ ժպիտ պարգեւել արցախցի մանուկներին, մեզ ստիպեց ոգեշնչվել եւ իրականացնել այս ծրագիրը», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի Հաղորդակցության ղեկավար Շուշան Հարությունյանը։ Յուրաքանչյուր երեխայի «մի տուփ ջերմություն» են նվիրել «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երեւան Մոլի», «Մեգաթոյզի», «Կինոպարկի», «Մեգասպորտի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Տերյան 5»-ի, «Սանտաֆեի», «Պահեստ33-ի» աշխատակիցները։ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ռեսուրսների հավաքագրման բաժնի ղեկավար Իզաբելլա Մանասարյանի խոսքով` արդեն չորրորդ անգամ անցկացվող «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությամբ կազմակերպությունն այս տարի աջակցում է Արցախից Հայաստան եկած, պատերազմական իրավիճակից տուժած, ինչպես նաեւ կարիքի մեջ հայտնված ընտանիքներին ու նրանց երեխաներին։ «Շատ շնորհակալ եմ «Գալաքսի» ընկերությունների խմբին 300 երեխայի ամանորյա նվերներով այսքան ուրախացնելու համար: Ըստ մեր ուսումնասիրությունների` Արցախից Հայաստան ժամանած ընտանիքներում ամանորյա նվերներ գնելն այս օրերին հետին պլան է մղվել հոգսաշատ առօրյայի պատճառով», - ասել է Իզաբելլա Մանասարյանը:Նվերներն ուղեւորվել են Շիրակի մարզ՝ Ամասիա համայնք։ Tweet Դիտում՝ 10447