Եվրոպական միությունը (ԵՄ) այսօր հայտնել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին հավելյալ €24 մլն դրամաշնորհ հատկացնելու մասին։ ԵՄ որոշումը կայացվել է ԵՄ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ ստորագրված «ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայման պայմանագրի» շրջանակում նախատեսված «Միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագիր»-ի մշակման, ինչպես նաեւ մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսների կառավարման եւ պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ դրական գնահատականի արդյունքում:€24 մլն այս նոր հատկացումը ԵՄ-ի կողմից Հայաստանին համավարակի դիմակայման նպատակով տրամադրվող €92 մլն աջակցության բաղկացուցիչ մաս է:Այսօր հայտարարված այս աջակցությունը տրամադրվում է ի լրումն նախորդ ամիս տրամադրված €35,6 մլն աջակցությանը՝ լրացուցիչ ֆիսկալ տարածք բացելով կառավարության առողջապահական եւ հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար՝ ուղղված համավարակի հետեւանքով տուժած խոցելի խմբերի եւ ձեռնարկությունների օժանդակությանը։«Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության աջակցությունն այս բարդ ժամանակներում եւ մեր երախտագիտությունն ենք հայտնում ԵՄ-ի կառուցողական եւ արագ արձագանքի համար: Մենք համոզված ենք, որ այն մեծապես կնպաստի համավարակից Հայաստանի վերականգնմանը՝ օգնելով Կառավարությանը հաղթահարել ճգնաժամի արդյունքում առաջացած դժվարությունները»,- նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։«Այս տարի մենք Հայաստանին արդեն հատկացրել ենք ՔՈՎԻԴ-19–ի հետեւանքների չեզոքացմանն ուղղված շուրջ €60 մլն դրամաշնորհ ուղղակի բյուջետային աջակցության տեսքով, եւ դեռ սպասվում է ավելին: Ակնկալվում է, որ մեր օժանդակությունը կօգնի իրականացնել կարեւոր տնտեսական բարեփոխումներ, պահպանել աշխատատեղեր եւ փոքր ձեռնարկություններ, ինչպես նաեւ խթանել Հայաստանի ներառական տնտեսական աճը: Համավարակի դեմ պայքարը վստահաբար դեռ չի ավարտվել, բայց մենք կարող ենք այն հաղթահարել միայն միասնական լինելով»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Tweet Դիտում՝ 8331