ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նոր զեկույցում պարենային ապրանքների համաշխարհային գներն արդեն 5-րդ ամիսն անընդմեջ շարունակում են աճել՝ պայմանավորված հացահատիկային մշակաբույսերի, շաքարավազի, կաթնամթերքի եւ բուսական յուղերի գների բարձրացմամբ: Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հոկտեմբեր ամսվա ընթացքում կազմել է միջինը 100,9 նիշ, ինչը 3,1%-ով բարձր է սեպտեմբեր ամսվա եւ 6%-ով՝ 2019-ի հոկտեմբեր ամսվա համեմատ: ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 7,2%-ով եւ 6,5%-ով՝ 2019-ի հոկտեմբեր ամսվա համեմատ: Այս աճը հիմնականում պայմանավորված է ցորենի գներով`արտահանման հնարավորությունների կրճատման, Արգենտինայում մշակության վատ պայմանների եւ շարունակվող չոր եղանակի պատճառով, որն իր բացասական ազդեցությունն է ունեցել Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում եւ Սեւ ծովի տարածաշրջանում ցորենի ցանքերի վրա: Եգիպտացորենի, գարու եւ սորգոյի գները նույնպես հոկտեմբերին աճել են, մինչդեռ բրնձի գները՝ նվազել: ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 1,8%-ով, դառնալով ինն ամսվա մեջ ամենաբարձրը, առաջին հերթին պայմանավորված արմավենու եւ սոյայի յուղի գների աճով: Հակառակ դրան, հլածուկի յուղի գինը որոշակի անկում է գրանցել՝ ողջ տարածաշրջանում COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի վերջին վատթարացումից հետո Եվրամիությունում (ԵՄ) պահանջարկի նկատմամբ ավելացած անորոշության պայմաններում: ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ աճել է 2,2%-ով։ Ամենաշատը աճել է պանրի գինը, որին հետեւում են չզտված կաթի փոշին եւ կարագը: Հոկտեմբերին գների բարձրացումն արտացոլում է կարճաժամկետ առաքումների շուկայի խստացումը, որը պայմանավորված էր ասիական եւ միջինարեւելյան շուկաներից ներմուծման բարձր պահանջարկով: ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ աճել է 7,6%-ով, որի վրա մեծապես ազդեցություն է ունեցել աշխարհում շաքար արտադրող երկու խոշոր երկրներում՝ Բրազիլիայում եւ Հնդկաստանում շաքարի ցածր արտադրանքի հեռանկարները: ՊԳԿ մսի գնային ինդեքսը հակառակը, սեպտեմբեր ամսվա համեմատ նվազել է 0,5%-ով, գրանցելով հերթական իններորդ ամիսն անընդմեջ նվազում՝ սկսած հունվար ամսվանից, ինչը հետեւանք է խոզի մսի գնանկմանբ, մասամբ արտացոլելով Չինաստանի կողմից Գերմանիայի վրա սահմանված ներմուծման սահմանափակումների շարունակական ազդեցությունը: Նվազել են նաեւ տավարի եւ թռչնի մսի գները, իսկ ոչխարինը աճել՝ կայուն ներքին պահանջարկի եւ արտահանման սահմանափակ մատակարարումների պատճառով: Tweet Դիտում՝ 1714