ԿԲ նախագահ. Հասարակության եւ ԿԲ-ի միջեւ երկխոսությունը ստացվել է
27.10.2020 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Մարդիկ ու կազմակերպությունները որոշակիորեն, բայց ոչ էական չափով նվազեցրել են իրենց խնայողությունները բանկային համակարգում։ Խնդիրը պետք չէ դիտարկել այն տեսանկյունից, որ ավանդներն ինչ-որ խնդիրների պատճառով են դուրս եկել բանկային համակարգից։ Նվազումը, մեր գնահատականներով, տեղի է ունեցել մի քանի պատճառով. կորոնավիրուսի համավարակով ու ընդհանուր տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ տնային տնտեսությունների մոտ կա եկամուտի որոշակի նվազում ու մարդիկ այն կոմպենսացնում են նախկինում ձեւավորած խնայողությունների հաշվին»,- ասել է ԿԲ նախագահը։
Ըստ Մարտին Գալստյանի՝ պատճառներից մեկն էլ այն է, որ առաջնագիծ գնացող քաղաքացիները նախընտրում են ավանդի գումարը կանխիկացնել ու թողնել տանը:
Նրա խոսքով՝ «մի ստվար զանգված էլ խզել է կամ ավանդը փոխանցել բարեգործական նպատակներով՝ «Հայաստան» համահայկական կամ 1000+ հիմնադրամերին»։
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 31-ից թուրքական ապրանքների ներմուծման արգելքին՝ ԿԲ նախագահն ասել է, որ, իրենց գնահատականներով, այն իր մեջ էական գնաճային պոտենցիալ չի ունենա:
Մարտին Գալստյանն ասել է, որ գիտակից, կուռ ու խելամիտ հասարակության շնորհիվ վերջին մեկ ամսվա ընթացքում ԿԲ-ի հաջողվել է ֆինանսական շուկաներում անել անհնարինը։
«Մենք մեր քաղաքականությունն իրականացրել ենք նվազագույն ծախսերով, որովհետեւ հասարակության շրջանում վայրիվերումներ, խուճապային տրամադրություն չկա, ինչը խոսում է հասարակության արժանիքների եւ այն մասին, որ երկխոսությունը, որը ԿԲ-ն ունի հասարակության հետ, ստացվել է։ Սա բխում է մեր երկրի ազգային շահերից»,- ասել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: