Մեկնարկում է ԿԲ-ի եւ Ֆինանսական ներառման դաշինքի համատեղ հանդիպումը

14.10.2020 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ ԿԲ #ՖՆԴ
ՀՀ Կենտրոնական բանկը եւ Ֆինանսական ներառման դաշինքը (ՖՆԴ) 2020թ. հոկտեմբերի 14-15-ին կազմակերպում են Ֆինանսական ներառման քաղաքականության փորձագետների խմբի (այսուհետ՝ փորձագետների խումբ) 6-րդ հանդիպումը եւ անդամների վերապատրաստումը:

Գիտելիքների եւ փորձի փոխանակման այս միջոցառմանը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով կանցկացվի էլեկտրոնային ռեժիմով, կմասնակցեն ՖՆԴ-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի քաղաքականության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) ներկայացնող յոթ երկրների ֆինանսական ոլորտի կարգավորողները եւ քաղաքականություն մշակողները:

Ծրագրի անդամներն են  Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կենտրոնական բանկերը, ինչպես նաեւ Ղազախստանի ֆինանսական շուկայի կարգավորման եւ զարգացման գործակալությունը եւ Մոնղոլիայի ֆինանսական կարգավորման հանձնաժողովը:



Սա փորձագիտական խմբի երկրորդ հանդիպումն է, որը COVID-19 համավարակի բռնկումից հետո կազմակերպել է ՀՀ Կենտրոնական բանկը`ցույց տալով իր եւ Ծրագրի մյուս անդամների հանձնառությունը՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (այսուհետ՝ ԱԵԿԱ) տարածաշրջանում ֆինանսական ներառումը արագացնելու հարցում: ՀՀ Կենտրոնական բանկը Ծրագրի ներկայիս նախագահողն է:

«Ծրագրի Փորձագիտական խմբի հանդիպումը եւ նրա անդամների համար կազմակերպվող դասընթացը անդամ երկրների հիմնական ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները կիսելու հիանալի հնարավորություն է: Այն մեծ հնարավորություն է ամփոփելու վերջին մի քանի ամիսների աշխատանքի արդյունքները եւ ուսումնասիրելու համատեղ ուսումնառության հնարավորությունները` անդրադառնալով ֆինանսական կրթության եւ գրագիտության բնագավառի կոնկրետ մարտահրավերներին, ինչպես նաեւ ֆինանսական ներառումը խթանող թվային նորարարություններին»,- ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

Երկօրյա այս միջոցառումը կմեկնարկի Ծրագրի անդամների փորձի փոխանակումով այնպիսի կարեւոր թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են «Էլեկտրոնային եղանակով Ճանաչիր քո հաճախորդին» (e-KYC), էլեկտրոնային նույնականացում (e-ID) եւ տարածաշրջանային փոխգործակցող վճարային համակարգեր: Այնուհետեւ Ծրագրի անդամների համար կանցկացվի դասընթաց ֆինանսական կրթության եւ գրագիտության ծագրերի վերաբերյալ, արտացոլելով տարածաշրջանում ազգային ֆինանսական կրթության ռազմավարություններ մշակող երկրների աճող թիվը։

«Մենք շնորհակալ ենք Հայաստանին ՖՆԴ-ի եւ Ծրագրի առաջատարը լինելու եւ այս տարի տարածաշրջանային ծրագրի երկու հանդիպումների համակազմակերպիչը հանդիսանալու համար: Թեեւ COVID-19-ով պայմանավորված ճգնաժամը զգալի ազդեցություն է թողել  ՖՆԴ-ի ամբողջ ցանցի վրա, մենք կարծում ենք, որ եթե չլինեին անցյալ տասնամյակում ՖՆԴ-ի անդամ երկրների կողմից կատարված քայլերը՝ ֆինանսական ներառումը խթանելու ուղղությամբ, ինչպես նաեւ նախորդ ամիսների ճգնաժամին իրենց նախաձեռնողական քաղաքականության արձագանքը, իրավիճակը կարող էր լինել շատ ավելի վատ: Ճգնաժամի հետեւանքները մեղմելու հարցում կարեւոր դեր ունեցան թվային ֆինանսների (digital finance), mobile money, գործակալային բանկային գործունեության (agent banking), «Ճանաչիր քո հաճախորդին» (e-KYC)  եւ ՓՄՁ-ների ֆինանսավորման ծրագրերը»,- ասել է ՖՆԴ-ի գործադիր տնօրեն պարոն Ալֆրեդ Հանիգը:

ՖՆԴ-ի գործադիր տնօրենի կարծիքով՝ «բարելավված նորմալ իրավիճակի» վերականգնմանը եւ կառուցմանը զուգահեռ մենք որպես կարգավորող մարմիններ, պետք է ճիշտ եզրակացություններ անենք մինչ այժմ սովորածից եւ նպատակ ունենանք կառուցել «նոր տնտեսություն»։ Ալֆրեդ Հանիգն ընդգծել է, որ բացի թվային ֆինանսական ծառայությունների շնորհիվ ձեռքբերումներից, վերականգնման գործընթացը պետք է հաշվի առնի նաեւ «կանաչ ֆինանսների» քաղաքականությունը, որպեսզի նոր տնտեսությունը լինի կանաչ, դիմացկուն եւ սոցիալապես ներառական, ինչպես նաեւ սատարի գենդերային հավասարությանը՝ արտակարգ իրավիճակների եւ վերականգնման ծրագրերը մշակելիս:

«Ճգնաժամը չի ավարտվել եւ մենք միասին ենք անցնում այս ճանապարհը: Սակայն յուրաքանչյուր ճգնաժամ նաեւ հնարավորություններ է ընձեռում: Մենք ՖՆԴ-ում գտնում ենք, որ քաղաքականություն մշակողները պետք է արագացնեն ֆինանսական ներառման ուղղությամբ քայլերը, որպեսզի այդ ջանքերը օգուտ բերեն նույնիսկ ոչ ֆորմալ հատվածին՝ վերականգնման գործընթացին նոր լիցք հաղորդելու համար: Լյուքսեմբուրգում վերջերս բացված մեր Եվրոպայի գրասենյակը օգնում է արագացնել ՖՆԴ-ի անդամների միջեւ գիտելիքների փոխանակումը,համատեղ ուսումնառությունը ցանցի մնացած մասի համար եւ դրա սահմաններից դուրս»,- ընդգծել է Ալֆրեդ Հանիգը ։

ՖՆԴ-ի ցանցի հավաքական գիտելիքների հետագա խորացման արդյունքում զարգացած երկրների կարգավորող մարմինները, ներառյալ Գերմանիայի եւ Չեխիայի, եւ մասնավոր հատվածի առանցքային շահակիցները նույնպես կմասնակցեն միջոցառումների վերջին օրվան՝ ՖՆԴ-ի Պետական-մասնավոր երկխոսության (ՊՄԵ) եւ Զարգացած-զարգացող երկրների երկխոսության հարթակների ներքո: Մասնակիցների լայն սպեկտրը՝ VISA-ի եւ Mastercard-ի երկարաժամկետ ռազմավարական գործընկերներից մինչեւ նոր ՊՄԵ գործընկեր Home Credit-ի, կքննարկի «Ճանաչիր քո հաճախորդին» (e-KYC) էլեկտրոնային ծրագրի եւ էլեկտրոնային նույնականացման ծրագրի (e-ID) կարեւորագույն նորարարությունները, կարգավորման դաշտը, քաղաքականության համապատասխան գործոնները եւ քաղած դասերը:

Այս տարվա սկզբին ՀՀ ԿԲ-ն եւ ՖՆԴ-ն համատեղ կազմակերպել էին Ծրագրի 5-րդ հանդիպումը, որը տեղի ունեցավ 2020 թ. հունիսի 1-3-ը։ Այդ հանդիպումը ՖՆԴ-ի առաջին տարածաշրջանային միջոցառումն էր, որը COVID-19 համավարակով պայմանավորված իրականացվեց էլեկտրոնային ռեժիմով: Միայն 2020 թ.-ին Հայաստանը դաշինքում  իր աշխատանքների շրջանակներում հրատարակել է երեք գիտելիքային պրոդուկտ՝ տարածելով իր գիտելիքներն ու փորձը տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի կազմակերպության անդամների համար:

Դրանք են․The Long-Term Effectiveness of Financial Education Classroom Workshops in Rural Areas the Case of Armenia (Գյուղական բնակավայրերում ֆինանսական կրթության լսարանային սեմինարների երկարաժամկետ արդյունավետությունը՝ Հայաստանի փորձը), Key Facts Statements For Credit: Do They Work? The Experience of Armenia (Վարկերի անհատական թերթիկներ. արդյո՞ք դրանք գործում են՝ Հայաստանի փորձը), The Financial Competency Matrix for Adults, A Policy Framework(Ֆինանսական կարողունակության մատրից՝ քաղաքականության շրջանակ)։

Ծրագրի անդամները կլինեն ՖՆԴ-ի վերջերս Լյուքսեմբուրգում բացված Եվրոպական ներկայացուցչության գրասենյակի (ԵՆԳ) (European Representative Office) հիմնական շահառուների թվում, որը նախատեսված է զարգացող եւ զարգացած երկրներում կարգավորող մարմինների համատեղ ուսումնառության եւ գիտելիքների փոխանակման հնարավորությունները ընդլայնելու համար՝  նպաստելով առավել արդար, ներառական եւ կանաչ տնտեսության վերականգնմանը: Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարարության եւ արտաքին եւ եվրոպական գործերի նախարարության կողմից համատեղ ղեկավարվող ՖՆԴ ԵՆԳ-ն մաս է կազմում ավելի լայն ապակենտրոնացման, կենտրոնանալով հասցեական ֆինանսական ծառայությունների եւ պրոդուկտների տրամադրման վրա, որոնք բավարարում են գործող եւ հավանական անդամների կարիքները եվրոպական մայրցամաքում եւ այլուր: 2021 թվականին նախատեսվում է բացել ՖՆԴ-ի Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների գրասենյակ Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում:

2018 թ.-ին մեկնարկած Ծրագիրը ՖՆԴ-ի վերջին տարածաշրջանային ծրագիրն է եւ առաջնային պլատֆորմը ԱԵԿԱ-ի տարածաշրջանի ՖՆԴ-ի անդամ հաստատությունների համար` աջակցելու եւ զարգացնելու ֆինանսական ներառման քաղաքականությունը եւ կարգավորիչ շրջանակները, եւ համակարգելու տարածաշրջանային համատեղ ուսումնառության ջանքերը: Ծրագիրը միտված է տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը եւ ֆինանսական ներառման գլոբալ քաղաքականության հարցում ԱԵԿԱ տարածաշրջանի դերակատարման բարձրացմանը: Ծրագրի ներքո գործում է փորձագիտական խումբ, որը կազմված է հիմնական կամ փոխարինող փորձագետներից, ովքեր անմիջականորեն մասնակցում են ֆինանսական ներառման ուղղությամբ տարվող փորձագիտական աշխատանքներին:
Դիտում՝ 1221
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW