Storm International եւ “Մուլտի Գրուպը” հայտարարեցին Shangri La Yerevan խաղատան բացման մասին

15.04.2008 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Storm International միջազգային ընկերությունն ու հայաստանյան “Մուլտի Գրուպ” ##կոնցեռնն այսօր հայտարարեցին Հայաստանում Shangri La Yerevan խաղատան բացման մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր հանդես գալով Shangri La Yerevan խաղատանը կայացած մամլո ասուլիսում, Storm International-ի նախագահ Մայքլ Բոթչերն ասել է, որ “Մուլտի Գրուպի” հետ համագործակցության նպատակը Հայաստանում այնպիսի խաղատուն ստեղծելն է, որն ոչ միայն կհամապատասխանի միջազգային ամենաբարձր չափանիշներին, այլեւ կգերազանցի դրանք:

Մայքլ Բոթչերը նկատել է, որ ինքը խաղային բիզնեսում է արդեն մի քանի տասնամյակ եւ մեծ կարեւորություն է տալիս տեղական գործընկերներին: Նրա խոսքերով, “Մուլտի գրուպ” կոնցեռնն ու դրա հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հուսալի գործընկերներ են:

Մայքլ Բոթչերը հայտնել է, որ խաղատան շենքը վերանորոգելու, սարքավորումներով համալրելու, դիզայնի, ինչպես նաեւ օպերացիոն գործունեություն իրականացնելու նպատակով ներդրումների ծավալը կազմել է $7 մլն: Shangri La Yerevan խաղատունը կառավարում է Storm International-ին եւ “Մուլտի Գրուպ”-ին հավասար մասնաբաժնով պատկանող “Կլեոպատրա” ընկերությունը:

“Մուլտի Գրուպ” կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտնել է, որ Storm International-ի հետ համագործակցելու որոշումը պայմանավորված էր այդ ընկերության պրոֆեսիոնալ բարձր մակարդակով: “Հաշվի առնելով մեր գործընկերների հարուստ փորձն ու բարձր պրոֆեսիոնալիզմը` մենք որոշեցինք նրանց հանձնել Shangri La Yerevan խաղատան կառավարման իրավունքը”,- ասել է Սեդրակ Առուստամյանը:

Storm International-ի միջազգային զարգացման տնօրեն Տատյանա Պլատոնովան նշել է, որ 2007 թվականի սեպտեմբերին ստանձնելով խաղատան կառավարումը, ընկերությունը մի շարք միջոցառումներ է իրականացրել Հայաստանում միջազգային ամենաբարձր պահանջներին համապատասխանող խաղատուն ստեղծելու համար: Խոսելով “Մուլտի Գրուպի” հետ համագործակցության մասին, Տատյանա Պլատոնովան նշել է, որ “երկու կորպորատիվ մշակույթների ինտեգրումը հաջող է ընթացել”:

Տատյանա Պլատոնովան շնորհակալություն է հայտնել տեղական ընկերություններին, որոնք մասնակցել են խաղատան շենքի շինարարության եւ վերանորոգման աշխատանքներին, հատուկ նշելով դիզայներների` Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորներ Արմեն Բուբուշյանի եւ Հայկ Փայասլյանի աշխատանքը:

Shangri La Yerevan խաղատան գլխավոր մենեջեր Բոբ Սուինին ընդգծել է, որ Storm International-ը Հայաստանում բացել է 180 նոր աշխատատեղ` բարձր աշխատավարձով եւ աշխատանքի գերազանց պայմաններով:

Storm International-ի մամլո քարտուղար Լավրենտի Գուբինը ներկայացրել է 2006 թվականից ընկերության կողմից Ռուսաստանում ներդրված “Պատասխանատու խաղի ծրագիրը”, որը, մասնավորապես, ներառում է խաղատանը տպագիր նյութերի տարածում, որոնք այցելուներին տեղեկացնում են խաղի հետ կապված հնարավոր ռիսկերի մասին, անձնակազմի հատուկ նախատապրաստում “խնդրահարույց խաղացողներին” հայտնաբերելու համար: Բացի այդ, ընդգծել է Լավրենտի Գուբինը, ընկերությունն որոշում է կայացրել բարձրացնել իր բոլոր խաղատների տարիքային սահմափակումը մինչեւ 21 տարեկան, եւ այդ սահմանափակումը կգործի նաեւ Հայաստանում:

Մայքլ Բոտչերը նշել է, որ Shangri La Yerevan խաղատան մուտքը կարժենա 200 ԱՄՆ դոլար եւ դա լրացուցիչ արգելք կհանդիսանա այն մարդկանց համար, ում եկամուտները թույլ չեն տալիս խաղալ եւ, որպես հետեւանք, հայտնվել դժվարին կացության մեջ:

Shangri La Yerevan խաղատան բացման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 2-ին:

Storm International-ին պատակնում են 5 խոշոր խաղատներ եւ զվարճանկի կենտրոններ Մոսկվայում` “Շանգրի Լա”, “Նյու Յորք”, “Ջազ Թաուն”, “Ուդառնիկ” եւ “Կառնավալ”, ինչպես նաեւ 23 սրահներ, որոնք գործում են Մոսկվայում եւ Նիժնի Նովգորոդում Super Slots ապրանքանիշի ներքո:

Դիտում՝ 12591
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW