Արցախի գյուղնախարարությունը ներդրողներին համագործակցություն է առաջարկում

23.09.2020 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #ներդրողներ,Աշոտ Բախշիյան
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ներդրումային ներուժ ունեցող ու շահութաբերության բարձր ցուցանիշներ ակնկալող տնտեսավարողներին համատեղ գործակցություն է առաջարկում:

ԱՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2020-ի նոյեմբերից կգործարկվի ոչխարների ներկրման ծրագիր՝ հետեւյալ պայմաններով` կենդանու արժեքի 35%-ի չափով սուբսիդավորում, կամ 5 տարի մարման ժամկետով 7% փոխառության տրամադրում, կամ 5 տարի մարման ժամկետով անտոկոս վարկի տրամադրում:

Կխրախուսվի նաեւ ջերմատների կառուցումը, կտրամադրվի կատարված ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում, բայց ոչ ավել, քան 200 մլն դրամը:

Անասնաբուծական մթերքների եւ հումքի վերամշակման արտադրամասերի կառուցման ծրագրերի համար նախատեսվում է կատարված ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում, բայց ոչ ավել, քան 30 մլն դրամը, կամ անտոկոս վարկի տրամադրում՝ 15 տարի մարման ժամկետով, բայց ոչ ավել, քան 60 մլն դրամը: Անասնաշենքերի էլեկտրաֆիկացման եւ ջրաֆիկացման համար նախատեսվում է սուբսիդավորել կատարված ծախսերի 90%-ը:

ԱՀ գյուղնախարար Աշոտ Բախշիյանն ասել է, որ նշված եւ այլ ծրագրերի կյանքի կոչման գործում գլխավոր թիրախ են հանդիսանում գյուղատնտեսությամբ իրապես հետաքրքրված, դրանով պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվող՝ Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի մեր հայրենակիցները:

«Միավորելով սեփական ներդրումային պոտենցիալն ու Արցախի կառավարության կողմից առաջարկվող շոշափելի միջոցները՝այդ մարդիկ կարող են գրանցել լուրջ արդյունքներ»,- նշել է նա:
Դիտում՝ 1862

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW