ՀԲՄ-ն ամփոփել է բանկերի կողմից իրականացված աջակցության ծրագրերը

22.09.2020 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #բանկեր #աջակցության ծրագրեր

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ավարտի կապակցությամբ Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ բանկային համակարգի կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

Վերջիններս ներկայացվում են հետեւյալ խմբավորմամբ՝

1. Վարկային արձակուրդներ, վարկային պայմանագրերի պայմանների վերանայում:
2. Մասնակցություն կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին:
3. Բանկերի կողմից իրականացված աջակցության այլ ծրագրեր:

ՀԲՄ-ում հիշեցրել են, որ 2020թ. մարտից բանկային համակարգն առաջիններից էր, որ սեփական նախաձեռնությամբ արձագանքեց եւ համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։

ԿԲ-ի եւ առեւտրային բանկերի համագործակցության արդյունքում ձեւավորվեցին մեխանիզմներ եւ կարգավորումներ, որոնց կիրառումը հնարավորություն տվեց անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուների նկատմամբ, ինչպես նաեւ խուսափել վարկառուների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարումները չիրականացնելու հետեւանքով վարկային պատմության վատթարացումից։

Վարկային արձակուրդներ

Մարտ-մայիս ամիսների ընթացքում առեւտրային բոլոր բանկերը տրամադրեցին վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայեցին կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների հետեւանքով տուժած ֆիզիկական եւ իրավաբանական անձ վարկառուների գործող վարկերի պայմանները:  

Հաշվետու ժամանակահատվածում վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական եւ 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր, հետաձգվել է 100 մլրդ դրամի մուտքը բանկային համակարգ: Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը:

Մասնակցություն կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին

Վարկերի վերանայման նախաձեռնությանը զուգահեռ բանկերը միացան նաեւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերին։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային առաջին եւ երկրորդ ծրագրերով ՀՀ առեւտրային բանկերը բավարարել են 25885 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 119 մլրդ դրամ գումար։

Հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին հումքի, սարքավորումների ձեռքբերման, սննդի եւ դեղերի ներկրման, ինչպես նաեւ աշխատավարձի, հարկերի, կոմունալ ծախսերի վճարման համար, բավարարվել է 1209 վարկային հայտ՝ շուրջ 76.5 մլրդ դրամի չափով: Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, այս պահի դրությամբ բավարարվել է 24676 վարկային հայտ՝ 43.1 մլրդ դրամի չափով։

Բանկերի կողմից իրականացված աջակցության այլ ծրագրեր

COVID-19-ի դեմ պայքարի համար հաշվետու ժամանակահատվածում ՀՀ առեւտրային բանկերն իրականացրեցին նաեւ աջակցության մի շարք այլ ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 260 մլն դրամ։

ֆինանսավորված եւ իրականացված ծրագրերն ըստ ուղղությունների.

1. Բժշկական անձնակազմի խրախուսման, անհրաժեշտ բժշկական պարագաների եւ սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաեւ բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման նպատակով տրամադրվել է 197 մլն 235 հազար դրամ Կենտրոնական գանձապետարանում բացված հաշվեհամարին եւ ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցումներ կատարելու միջոցով:

2. Տարեցներին եւ խոցելի խմբերին տրամադրվել է 29 մլն դրամ սոցիալական աջակցություն։ Այդ թվում՝ սոցիալական աջակցության ծրագրերի շահառու է դարձել Տավուշի մարզի 9 համայնքների 72 ընտանիք: Գումար է նվիրաբերվել նաեւ  Հայկական Կարմիր խաչի ընկերությանը, որը, հաշվի առնելով Հայաստանի առավել խոցելի խմբերի խիստ հրատապ մարդասիրական կարիքները, ձեռնարկել է միջնաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումներ դրանք բավարարելու ուղղությամբ: Բացի այդ տարբեր բանկեր իրենց հաճախորդ տարեցների համար ձեռք են բերել պարենային ապրանքներ, տրամադրել են դրամական օգնություն:

3. ՌԴ քաղաքացիների վերադարձը հայրենիք ավտոբուսներով կազմակերպելու նպատակով տրամադրվել է 1,740,000 ՀՀ դրամ:

4. Համավարակի բռնկման ընթացքում եւ դրանից հետո հեռավար ուսուցման կարիքները հոգալու նպատակով տրամադրվել է 31 մլն 645 հազար դրամ: Աջակցության շնորհիվ 50 համակարգիչ է տրամադրվել Լոռու լեռնային եւ Տավուշի սահմանամերձ համայնքների երեխաներին, 150 համակարգիչ` Հայաստանի սոցիալապես խոցելի համայնքների աշակերտներին եւ 112 պլանշետ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով հեռավար դասընթացներին մասնակցելու հնարավորություն չունեցող խոցելի խմբի երեխաներին։ Ֆինանսավորման մի մասն ուղղվել է նաեւ «Կորոնավիրուսից տուժած անձանց թվային գրագիտության բարելավում» ծրագրին եւ մանկատան երեխաներին:

COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում   համակարգի մի քանի բանկերի կողմից իրականացվել են նաեւ աջակցության այլ ծրագրեր, այդ թվում՝

- առանց վարկային գծի նոր պատվիրված, վերաթողարկված, փոխարինված վճարային քարտերի անվճար առաքում,
- հաճախորդների կողմից վճարային համակարգերի միջոցով կատարվող գործարքների միջնորդավճարների զրոյացում,
-   հիփոթեքային վարկերի գծով ՀՀ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքը առցանց պատվիրելու հնարավորություն:

«Մշտապես շարունակելով հաճախորդների   սպասարկումը՝ բանկերի կողմից պահպանվել են պարետատան կողմից սահմանված անվտանգության պահանջները:

Հավատարիմ մնալով սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ ՀՀ առեւտրային բանկերը շարունակելու են ամրապնդել հաճախորդների հետ ձեւավորած եւ փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերային հարաբերությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 1846
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW