Սեպտեմբերի 15-ին կայացել է Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների համատեղ խորհրդի երրորդ առցանց նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր աշխատանքի, առեւտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական եւ բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, առեւտրային դիվանագիտության ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ COVID-19-ի առնչությամբ ոլորտային համագործակցության հնարավոր ուղղությունների եւ այլնի վերաբերյալ։Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դենիել Մուլանին։Խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։Հայկական կողմից նիստին մասնակցել են նաեւ ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, Էկոնոմիկայի, Արտաքին գործերի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների եւ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի պատասխանատու աշխատակիցները:Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների համատեղ խորհուրդը հիմնվել է 2015թ. մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ստորագրված առեւտրի եւ ներդրումների շրջանակային Համաձայնագրով` հայ-ամերիկյան առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության ամրապնդման եւ հետագա խորացման, խոչընդոտների բացահայտման, կողմերի միջեւապրանքների եւ ծառայությունների առեւտրի ընդլայնման ու դիվերսիֆիկացման նպատակով: Հայաստանի Հանրապետության առեւտրաշրջանառությունը Միացյալ Նահանգների հետ 2019թ. կազմել է $334.23 մլն, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 47.8%-ով (2018թ. կազմել է $226.06 մլն): 2019թ. արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Միացյալ Նահանգներ կազմել է $53.91 մլն, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 13.1%-ով (2018թ. կազմել է $47.68 մլն): 2019թ. Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է $280.3 մլն, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 57.1%-ով (2018թ. կազմել է $178.39 մլն):2019թ. Հայաստանի Հանրապետությունից Միացյալ Նահանգներ արտահանված առավելագույն մաքսային արժեք ունեցող հիմնական ապրանքները եղել են՝ ալյումինե նրբաթիթեղը, ադամանդը, պղնձի թափոնը եւ ջարդոնը, ալկոհոլային խմիչքները, ոսկերչական իրերը, պահածոյացված միրգն, ընկուզեղենը, հատապտուղները։2019թ. Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն հիմնականում ներմուծվել են հետեւյալ ապրանքատեսակները՝ մարդատր ավտոմեքենաներ, բժշկական սարքավորումներ, արհեստական թելերից լարան, ընտանի թռչնի միս եւ մսամթերք, դեղամիջոցներ: Tweet Դիտում՝ 1561