ԿԲ-ն հակված է շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը

15.09.2020 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #վերաֆինանսավորման տոկոսադրույք

ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ 2020-ի օգոստոսին արձանագրվել է 0,1% գնանկում, նախորդ տարվա նույն ամսի 0,4%-ի դիմաց, որի պարագայում 12 ամսվա գնաճն ավելացել է եւ կազմել 1,8%:

«Երրորդ եռամսյակի ընթացքում արտաքին հատվածում արձանագրվում է համաշխարհային տնտեսության որոշակի վերականգնում, սակայն գնահատվում է, որ համավարակի վերջնական հաղթահարման հետ կապված դեռեւս պահպանվող բարձր անորոշությունները զգալիորեն կզսպեն եւ կհետաձգեն Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում ամբողջական պահանջարկի եւ տնտեսական ակտիվության վերականգնումը: Նման պայմաններում գործընկեր երկրների ԿԲ-ները կշարունակեն իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն»,- ասել է ԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ չնայած ապրանքահումքային շուկաներում թույլ գնաճային միջավայրի պահպանմանը՝ ԿԲ-ն գտնում է, որ արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցություն չի դրսեւորվի:

«2020-ի առաջին կիսամյակում Հայաստանում փաստացի արձանագրված տնտեսական աճը եղել է ԿԲ կանխատեսումների շրջանակում, իսկ հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, գրանցված տնտեսական ակտիվության սպասվածից ցածր ցուցանիշը պայմանավորվել է ծառայությունների ոլորտի կրճատմամբ:

Նշված փաստացի զարգացումների, համավարակի հաղթահարման ժամկետների հետ կապված պահպանվող մեծ անորոշության եւ այդ պարագայում հասարակության զգուշավոր սպառողական եւ ներդրումային վարքագծի ներքո գնահատվում է, որ առաջիկա եռամսյակներում ներքին պահանջարկը եւ տնտեսական ակտիվությունը կվերականգնվի սպասվածից ավելի դանդաղ տեմպերով»,- ասել է Մարտին Գալստյանը:

Նա նշել է, որ հաշվի առնելով պահպանվող ցածր գնաճային միջավայրը, ինչպես նաեւ արտաքին եւ ներքին պահանջարկի վերականգնման որոշակի հետաձգման հանգամանքը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային քաղաքականության պայմանների թուլացումը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:



«Տնտեսական սպասվող զարգացումների պարագայում ԿԲ Խորհուրդը հակված է առաջիկայում եւս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը` գնահատելով, որ անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաեւ միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, միջնաժամկետ հատվածում գնաճն աստիճանաբար կավելանա եւ կանխատեսվող հորիզոնի վերջում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:

Միաժամանակ, քանի որ ներկա իրավիճակում տնտեսության տարբեր հատվածները կրել են խիստ անհամաչափ վնասներ, իսկ դրամավարկային քաղաքականությունն ունի ընդհանուր ազդեցություն, ԿԲ Խորհուրդը մնում է այն համոզմանը, որ դրամավարկային խթանման հետ մեկտեղ համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է հարկաբյուջետային ավելի խթանող քաղաքականության իրականացումը»,- հավելել է ԿԲ նախագահը՝ նշելով, որ ծրագրված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են:

Դիտում՝ 1336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW