Ինեկոբանկը հայտնում է ընկերության Խորհրդի կազմում Արամ Կայֆաջյանին որպես նոր անկախ անդամի նշանակման մասին։ Արամ Կայֆաջյանը 2004 թվականից հանդիսանում է «Արմենբրոկ» ԲԲԸ Գլխավոր տնօրեն: Նրա ղեկավարման տարիներին ընկերության բաժնետիրական կապիտալն ավելացել է 40 անգամ, իսկ ակտիվները` 200 անգամ: 2010 թվականից մինչեւ այսօր նա դասավանդում է Ռուս-Հայկական (Սլավոնական) Պետական Համալսարանում: 2015 թվականից մինչեւ այսօր Արամ Կայֆաջյանը հանդիսանում է «Անի Հոլդինգ» միջազգային հյուրանոցային կառավարման եւ արտադրական խմբի Խորհրդի անդամ, իսկ 2017 թվականից՝ «Գլոքալ» ակտիվների կառավարման ընկերության հիմնադիր բաժնետեր եւ Խորհրդի անդամ: «Ուրախ ենք ողջունել Արամ Կայֆաջյանին Ինեկոբանկում, նա իր հետ կբերի հարուստ փորձ կապիտալի շուկաների եւ խորը գիտելիքներ ֆինանսաբանկային ոլորտի վերաբերյալ։ Նրա մասնակցությունը բանկի Խորհրդի կազմում, անշուշտ, հավելյալ արժեք է փոխանցելու Ինեկոբանկի կայուն զարգացմանը»,- ողջույնի խոսքում նշել է Ինեկոբանկի Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը։ «Վերջին տարիներին Ինեկոբանկի զարգացումը չափազանց տպավորիչ էր: Հայկական բանկային համակարգի առջեւ այսօր կանգնած բազմաբնույթ մարտահրավերների պայմաններում ակնհայտ է, որ բանկի ղեկավարությունը վճռական է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ շուկայում Ինեկոբանկի առաջատար դիրքերը պահպանելու եւ բարելավելու համար: Մեծ պատվով եւ ոգեւորությամբ եմ ընդունում բանկի Խորհրդի կազմում ընդգրկվելու եւ բանկային համակարգում ամենապրոֆեսիոնալ թիմերից մեկի հետ համագործակցելու այս հնարավորությունը: Ուրախ կլինեմ գործադրել իմ բոլոր գիտելիքներն ու փորձը՝ ի շահ բանկի հետագա զարգացմանը»,- իր հերթին նշել է Արամ Կայֆաջյանը :Արամ Կայֆաջյանը կհանդիսանա Ինեկոբանկի 7 անդամներից բաղկացած Խորհրդի կազմի 3-րդ անկախ անդամը, իսկ մնացած 4 անդամներն են բանկի հիմնադիրները եւ ներդրողները: Tweet Դիտում՝ 13574