Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահության ընդլայնված հեռավար նիստում ամփոփվել են Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների արդյունքները։ «Հանդիպումների արդյունքում կարելի է գալ այն ընդհանրական եզրակացության, որ կորոնավիրուսային այս իրավիճակում, երբ մենք ներկայացնում ենք տնտեսությանն առնչվող հիմնավոր առաջարկներ, ապա ունենում ենք եւ՛ արձագանք, եւ՛ իշխանության տարբեր օղակների կողմից մեր հետ աշխատելու պատրաստակամություն»,- միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքերը մեջբերել է ՀԱԳՄ մամուլի ծառայությունը:Նրա խոսքով՝ երբ խնդիրները բարձրացվում ու հետեւողականություն է ցուցաբերվում, ապա որոշակի արդյունքներ հասանելի են դառնում։ Ըստ ՀԱԳՄ նախագահի՝ սա նշանակում է, որ առաջարկվող նախաձեռնությունները, արվող առաջարկներն ու քննադատությունները պետք է լինեն ավելի հիմնավոր, փորձագիտական բարձր մակարդակով նախապատրաստված։ «Օրակարգային հարցերից էր կառավարության որդեգրած տնտեսական եւ դրամավարկային քաղաքականության միջանկյալ արդյունքների քննարկումը։ Բանախոսները հանգամանալի վերլուծեցին գործադիրի աջակցության ծրագրերը, երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, ճգնաժամով պայմանավորված մարտահրավերները, դրանց հաղթահարման հնարավորությունները։ Անդրադարձ եղավ հատկապես գյուղատնտեսության ոլորտին առնչվող աջակցության ծրագրին, որով 0%-ով, 8 տարի ժամկետով դրամային վարկ է տրամադրվում ինտենսիվ այգիների հիմնման, հողերի մելիորացիայի, համանման այլ նախաձեռնությունների համար։ Ըստ գնահատման՝ ծրագիրն արդյունավետ է աշխատում՝ օգտագործվելով ներդնողների, գյուղացիների կողմից։ Նպատակահարմար համարվեց այս մոդելի կիրառումը նաեւ այլ ուղղություններում՝ գումարներ ներարկելով տնտեսության մեջ։ Պաշտոնական վիճակագրությունից ելնելով, տպավորություն է ստեղծվում, որ կրիտիկական կետը հաղթահարված է, եւ ժամանակն է մտածել առողջացման ծրագրերի մասին։ Մյուս կողմից, նոր խնդիրներ են բացահայտվում անմիջականորեն ընկերություններում անցկացված հարցումների եւ ուսումնասիրությունների արդյունքներով։ Անհրաժեշտ շատ միջոցառումներ դանդաղում են, երբեմն՝ ուշանում։ Որոշվեց աշնանն անցկացնել եւս մեկ հետազոտություն, եղած պատկերը հստակեցնելու, դրանց հիման վրա առարկայական լուծումներ ու առաջարկներ ձեւակերպելու եւ պատկան մարմիններին ներկայացնելու համար», - ասված է ՀԱԳՄ հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1219