Հայաստանի բարձրադիր լեռներում ծնված դեղաբույսերն ու բուսական թեյերն արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ՝ այդ թվում եւ Եվրոպական միություն՝ արժանանալով ընդհուպ մինչեւ Գերմանիայի կանցլերի բարձր գնահատականին։ Մրցունակության եւ արտահանման ներուժի զարգացման գործում հայաստանյան թեյարտադրողներին օգնում է նաեւ Արեւելյան գործընկերություն, առեւտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը։ Ծրագիրն իրականացվում է Առեւտրի միջազգային կենտրոնի կողմից Եվրոպական միության աջակցությամբ ԵՄ-ն բիզնեսի համար (EU4Business) նախաձեռնության շրջանակում։ Տեղական արտադրանքի որակը բարձր են գնահատում ծրագրի փորձագետները, ովքեր շարունակական խորհրդատվություն են տրամադրում հայաստանյան թեյարտադրողներին՝ օգնելով նրանց պատրաստել միջազգային շուկայի պահանջներին համապատասխան բուսական թեյեր։ Ծրագրի շրջանակում հայաստանյան ձեռնարկությունները խորհրդատվություն են ստացել նոր արտահանման շուկաներ մուտք գործելու եւ միջազգային առաջատար հարթակներում իրենց արտադրանքը ներկայացնելու վերաբերյալ։ 26.08.2020 | 14:05 «EU4Business»-ը հայաստանյան արտադրողներին օգնում է ձեւավորել մրցունակ բրենդ Տեղական արտադրողները նաեւ գործարար կապեր են հաստատել միջազգային գնորդների հետ մի շարք խոշոր ցուցահանդեսների ժամանակ՝ BIOFACH օրգանական սննդամթերքի, ANUGA սննդի եւ խմիչքների, ինչպես նաեւ սննդամթերքի վերամշակման SIAL ցուցահանդեսների ընթացքում։ «Հայկական դեղաբույսերի արտահանման ներուժը բավականին մեծ է։ Ընկերությունների հիմնական մարտահրավերն է ապահովել, որ բուժիչ նպատակներով արտադրվող բուսական թեյերը համապատասխանեն միջազգային շուկայի իրավական պահանջներին։ Վերջիններս վստահեցնում են, որ վաճառվող արտադրանքը չի պարունակում կեղծ տեղեկատվություն եւ չի մոլորեցնում սպառողին»,- նշել է թեյարտադրության միջազգային փորձագետ եւ սոմելյե Անջելա Փրայսը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2019թ. Հայաստանից արտահանվել է 11,6 տոննա թեյ, իսկ Ազգային վիճակագրական կոմիտեի համաձայն՝ 2020թ. հունվար-հունիս ամիսներին՝ ընդամենը 1,5 տոննա, ինչը մեծապես պայմանավորված է COVID-19 ճգնաժամով։Ծրագրի փորձագետի համոզմամբ՝ միջազգային մանրածախ շուկաներում ավանդական սեւ թեյի վաճառքն աստիճանաբար նվազում է՝ իր տեղը զիջելով բուսական ու մրգային թեյերին։ Օրինակ, 2013 թ.-ից ի վեր Միացյալ Թագավորությունում բուսական թեյերի վաճառքը մոտ 30%-ով աճել է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում հայաստանյան արտադրողների համար այս եւ միջազգային այլ շուկաներ մուտք գործելու համար։ Tweet Դիտում՝ 2595