Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ զրոյից բնակավայր կկառուցվի։ Վարչապետն այս մասին նշել է Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ փուլ 1 ծրագրի շրջանակներում հողերի ձեռքբերման եւ վերաբնակեցման գործողությունների պլանը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ։ Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Կապսի կիսակառույց ջրամբարը եւ, ըստ ուսումնասիրությունների, ջրամբարի 1-ին փուլի իրականացման ժամանակ ջրածածկման տակ պետք է մնա Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի մոտ 4-5 շինություն եւ մարզի նույն համայնքի Արեգնադեմ, Գտաշեն եւ Բյուրակն բնակավայրերի, Մարմաշեն համայնքի Կապս բնակավայրի, մոտ 20 տարբեր չափսերի հողակտոր։ Անհրաժեշտ է համարվել Ջրաձոր բնակավայրը վերաբնակեցնել ամբողջությամբ, իսկ Ամասիա համայնքի Արեգնադեմ, Գտաշեն եւ Բյուրակն բնակավայրերում, ինչպես նաեւ Մարմաշեն համայնքի Կապս եւ Սարապատ համայնքի Հողմիկ բնակավայրերում իրականացնել ազդակիր հողերի օտարում։«Այս ծրագիրը կարեւոր է ոչ միայն Ջրաձորի եւ այդ գյուղի բնակիչների, այլ նաեւ մեր պատկերացումները 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ կոնկրետացնելու եւ քաղաքաշինական մեծ խնդիրները որոշակիորեն լուծելու, գյուղական կյանքի հետագա կազմակերպման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։Կապսի ջրամբարի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2022թ. սկիզբ։ Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Շիրակի մարզում Ախուրյան գետի սահմանափակ ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը, կնպաստի տարածաշրջանի ջրային ռեսուրսների կայուն եւ բնապահպանական տեսանկյունից հիմնավոր կառավարմանը, բնապահպանական իրավիճակի բարելավմանը։ Tweet Դիտում՝ 3758