ՀՀ Վարչապետի աշխատակազմը եւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ Քովիդ-19-ից պաշտպանվելու վերաբերյալ իրազեկման միջոցառումների շրջանակներում հանդես են գալիս նոր ձեւաչափով՝ համագործակցելով «Yandex Go» (նախկին` Yandex.Taxi) ծառայության հետ։Մասնավորապես, օգոստոսի 26-ից Բրազիալիայի հրապարակում («Դալմա Գարդեն մոլի» եւ «Հրազդան» մարզադաշտի միջակայքում) կգործի անվճար ախտահանման կետ՝ «Yandex GO» ծառայության գործընկերների համար, իսկ հարեւանությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կտեղադրվի տեղեկատվական տաղավար, որտեղ կամավորները իրազեկում կիրականացնեն վարորդների շրջանում։ Տաղավարները գործելու են երկուշաբթիից շաբաթ, ժամը 07:00-ից 17:00-ը. Yandex Go ծառայության համակարգում գրանցված մեքենաները կարող են մոտենալ եւ ախտահանվել սերտիֆիկացված բարձրակարգ նյութերով։ Ախտահանման գործընթացը բաղկացած է երեք փուլից եւ տեւում է 7-10 րոպե։ Yandex Go ծառայության վարորդներին պարզապես անհրաժեշտ է մոտենալ տաղավարի մոտ կանգնած աշխատակցին, որը կստուգի վարորդի՝ ծառայության տեղեկատվական համակարգում գրանցված լինելը։ Այդ ընթացքում ՀԿԽԸ կամավորների կողմից վարորդներին կտրամադրվեն տեղեկատվական թերթիկներ, դիմակներ եւ ալկոգել՝ մեքենայում տեղադրելու համար՝ ուղեւորներին հնարավորություն տալով կարիքի դեպքում օգտվելու նշված նյութերից։ «Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում՝ կորոնավիրուսից տուժած Yandex Go ծառայության վարորդներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը։ Ծառայությունը պարբերաբար իրականացնում է անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տեղեկատվական ու տեխնոլոգիական միջոցառումներ, որոնք հասանելի են Yandex Go հավելվածի մի շարք ֆունկցիոնալ կոճակների մեջ»,- նշված է Հայկական Կարմիր խաչի ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 1820