Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան ողջունել է համավարակի հետեւանքներից տուժած տուրիզմի ոլորտին աջակցելու նպատակով կառավարության ընդունած ծրագիրը, միաժամանակ նշելով, որ որ այն չի ապահովի հյուրանոցային ոլորտում առկա խնդրի լուծումը:Ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ ասված է.«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան կորոնավիրուսի հետեւանքով սահմանված կարանտինի առաջին իսկ օրից ի վեր բարձրաձայնել է ոլորտի խնդիրները, որոնց առջեւ կանգնելու են տնտեսվարողները պետության կողմից համաչափ եւ ժամանակին քայլեր չձեռնարկելու դեպքում, այդ թվում` այսքան տեւող եկամուտների զրոյական մակարդակի պայմաններում աշխատավարձի վճարման անկարողությունը։Այդ իսկ պատճառով ասոցիացիան միանշանակ ողջունում է կառավարության կողմից տվյալ ծրագրի ընդունումը՝ հաշվի առնելով ասոցիացիայի կողմից արդեն 6 ամիս առաջարկվող լուծման կարեւորագույն կետերից մեկի կիրառումը՝ ծրագրի երկարաժամկետ լինելու հանգամանքը։Ասոցիացիան բազմիցս հայտնել է այն կարծիքը, որ ոլորտին աջակցությունը պետք է լինի հաշվի առնելով այն փաստը, որ ոլորտը շարունակելու է վնասներ կրել եւ հիմնվելով փորձագետների կարծիքի վրա՝ տնտեսվարողները կկարողանան ծախսածածկման հասնել միայն 2021-ի ապրիլից՝ նկատի ունենալով տուրիզմի ոլորտի սեզոնայնությունը։ Հետևաբար` շատ կարեւոր էր ծրագրի ոչ միանվագ, շարունակական լինելը, որն ըստ ընդունված միջոցառման հաստատվեց՝ պետական աջակցության վճարումը սահմանելով մինչեւ 2021-ի ապրիլը։Միեւնույն ժամանակ կուզենայինք ընդգծել, որ միջոցառման շահառու հանդիսացող ոլորտները տուժել են ոչ համաչափ. հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել։ Զրոյական եկամտաբերության պարագայում վերջիններս պահպանել են բազմաթիվ աշխատեղեր, որոնք սակայն, կշարունակեն մնալ կրճատման ռիսկի տակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս հյուրանոցային տնտեսությունների ֆինանսական ռեսուրսները սպառված են, եւ նրանք աշխատավարձ վճարելու այլ հնարավորություն չունեն։Մյուս կողմից, համաճարակային անբարենպաստ իրավիճակի առկայությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության երկարաձգումը, չնայած օտարերկրացիների մուտքի սահմանափակումների մեղմացմանը, կշարունակեն բացասաբար ազդել ոլորտի վրա՝ ներգնա տուրիզմի հոսքը շարունակելու է ձգտել զրոյի, եւ այսպես կոչված ցածր սեզոնի ժամանակ (սկսած հոկտեմբերի 15-ից) հյուրանոցային ոլորտի համար ավանդական վնասաբեր ժամանակահատվածը էլ ավելի մեծ վնասներ կբերի։ Հետեւաբար, ասոցիացիան, ինչպես պատկան մարմինների հետ բոլոր հանդիպումներում, այնպես էլ հիմա պնդում է, որ հյուրանոցային տնտեսությունների սուբսիդավորումը անհրաժեշտ է սահմանել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսի չափով, հաշվի առնելով, որ աշխատավարձի (առավելագույնը) մեկ երրորդի չափով սուբսիդավորումը կբավարարի միայն առաջացած հարկային պարտավորությունները վճարելուն։ Միջոցառման առկա շարադրանքը չի օգնի հյուրանոցներին խուսափել աշխատատեղերի հետագա կրճատումներից եւ չի կանգնեցնի վճարվող աշխատավարձային ֆոնդի անկումը։Ասոցիացիան կողմ է կառավարության կողմից տրվող ցանկացած դրական հանգուցալուծումներին, սակայն պնդում է, որ տվյալ միջոցառումը չի ապահովի հյուրանոցային ոլորտում առկա խնդրի լուծումը, քանի դեռ սուբսիդավորման չափը չի կազմել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսը»։ Tweet Դիտում՝ 2081