Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման եւ հետագա գործունեության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Պետական եկամուտների կոմիտեի պատասխանատուները զեկուցել են, որ կենտրոնը լիարժեք սկսելու է գործել 2022 թվականից, այժմ իրականացվում են շինարարական աշխատանքները, հայտարարվել է կենտրոնի կառուցման երկրորդ փուլի մրցույթը: Կենտրոնը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներքո՝ տնտեսվարողների համար արտահանման եւ ներմուծման գործընթացները հնարավորինս սահուն կազմակերպելու նպատակով: Կենտրոնում, գործելու են նաեւ արտահանման եւ ներմուծման գործառույթներում ներգրավված շահագրգիռ մյուս գերատեսչությունների ծառայությունները, ինչի արդյունքում տնտեսվարողներն այլեւս ստիպված չեն լինի լիցենզիաների, թույլատվական փաստաթղթերի ստացման նպատակով այցելել այս կամ այն վայրում գտնվող գերատեսչություն, կորցնել ժամանակ ու լրացուցիչ ռեսուրսներ: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Գյումրիի ԱՏԳ կենտրոնի կառուցման որոշումն ունի կարեւոր ու ռազմավարական նշանակություն: Կառավարության ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ առաջիկայում քննարկել բոլոր այն հնարավորությունները, որոնք կնպաստեն կենտրոնի գործունեության զարգացմանն ու բիզնեսի համար էլ ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը: Tweet Դիտում՝ 2006