Սիսիանում բացվել է Յունիբանկի թվով 52-րդ մասնաճյուղը: Նոր մասնաճյուղը գտնվում է Սիսիան, Իսրայելյան 39/62-1 հասցեում: Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա են եղել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը եւ Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: Արթուր Սարգսյանն իր խոսքում բարձր է գնահատել Յունիբանկի գործունեությունը Սիսիանում. «Յունիբանկի մասնաճյուղի բացումը կարեւոր է ոչ միայն Սիսիանի բնակիչների հարմարավետ բանկային սպասարկման համար, այլ նաեւ նոր աշխատատեղեր ստեղծելու առումով»: Արթուր Սարգսյանը համայնքի ղեկավարության անունից շնորհակալագիր է հանձնել Յունիբանկին Սիսիանում մարդասիրական գործունեություն իրականացնելու եւ բնակիչներին մշտապես աջակից լինելու համար: Յունիբանկը սահմանամերձ շրջանների դպրոցներին իր աջակցության ծրագրի շրջանակներում Սիսիանի Շաղատի միջնակարգ դպրոցում ստեղծել էր ժամանակակից համակարգչային դասարան, ինչպես նաեւ մարզադահլիճին նվիրել էր մարզագույք եւ տատամի՝ ձյուդոյի խմբակի մարզումների համար: «Նոր մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը հաճախորդների համար կապահովի հարմարավետ եւ արագ սպասարկում: «Սիսիան» մասնաճյուղը կսպասարկի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ կտրամադրի բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, քարտերի տրամադրում, մոբայլ բանկինգ եւ այլն: Սրահում տեղադրված է նաեւ տերմինալ, որով կարելի է ինքնուրույն իրականացնել հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց: Յունիբանկը մանրածախ բանկային շուկայի առաջատարներից մեկն է. Հայաստանի յուրաքանչյուր երրորդ աշխատող քաղաքացին սպասարկվում է Յունիբանկում: Հաճախորդների նման մեծ թվի համար որակով սպասարկում ապահովելու համար բանկը շարունակական ընդլայնում է սպասարկման ցանցը: Այս տարի նախատեսվում է նոր մասնաճյուղեր բացել նաեւ Ապարանում եւ Երեւանում»,- հայտնում են բանկից: Բանկը հաճախորդներին հիշեցնում է, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար է հնարավորինս սպասարկվել օնլայն՝ օգտվելով բանկի մոբայլ հավելվածից կամ Ինտերնետ-Բանկ հաճախորդ համակարգից: Tweet Դիտում՝ 2546