Հայաստանի բանկերի միությունն այս տարի նշում է կազմավորման 25-ամյակը: ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել 25-ամյակի առթիվ՝ նշելով, որ միությունն այս ընթացքում պատասխանատվությամբ պաշտպանել եւ ներկայացրել է բանկերի շահերը պետական օրենսդիր եւ գործադիր մարմիններում, հասարակական եւ միջազգային կազմակերպություններում։ «ՀՀ առեւտրային բանկերի եւ ՀՀ Կենտրոնական բանկի հետ մեր 25 տարիների համատեղ աշխատանքի արդյունքում այսօր ունենք ժամանակակից եւ հուսալի բանկային համակարգ։ Միասին անցնելով կայացման ու զարգացման փուլեր՝ մեզ հաջողվել է ստեղծել նաեւ կայուն հիմքեր եւ նախապայմաններ ընթացիկ մարտահրավերներին, այդ թվում նաեւ ֆինանսական ճգնաժամերին՝ արդյունավետ դիմակայելու եւ դրանք հաղթահարելու համար։Մեզ համար հոբելյանական այս տարին ստիպված ենք անցկացնել «արտակարգ» պայմաններում՝ պայմանավորված աշխարհում COVID-19 համավարակով ստեղծված իրավիճակով: Նման պայմաններում բանկային համակարգի համար օրակարգային հարց է կայունության շարունակական պահպանումը՝ մնալով բավարար կապիտալացված եւ իրացվելի, միեւնույն ժամանակ պահպանելով զարգացման վեկտորը։ Այս ճանապարհին մեզ համար անչափ կարեւոր է նաեւ մեր հաճախորդների աջակցությունն ու վստահությունը, քանի որ ցանկացած փորձություն հաղթահարելի է, երբ կա միասնական նպատակ եւ փոխադարձ վստահություն։Մեր հավաքական ձեռքբերումները նախանշում ու պարտավորեցնում են գործունեության հետագա ընդլայնում եւ արդյունավետության բարձրացում՝ ի նպաստ Բանկային համակարգի առաջատարի դերի պահպանման եւ մրցունակության բարձրացման»,- ասված է ուղերձում: Tweet Դիտում՝ 1884