«Լիդիան Արմենիան» այսօր հանդես է եկել հաղորդագրությամբ՝ խիստ մտահոգություն հայտնելով Ամուլսարում ստեղծված իրավիճակի առնչությամբ:Հաղորդագրության մեջ ասված է.«Երեկ «Լիդիանը» իր տարածքից հեռացրել է արդեն երկու տարի ապօրինի տեղադրված վագոն-տնակները: «Լիդիանի» տարածք ապօրինի ներխուժած խմբավորումը օգոստոսի 4-ին ողջ օրը սադրիչ հայտարարություններով հրահրում էր համայնքի բնակիչներին` սպառնալով «արյունահեղությամբ» ու կոչ անելով միանալ ապօրինությանը:Չնայած բոլոր ջանքերին, համայնքը հիմնականում անմասն մնաց ապօրինություն իրականացնող խմբավորման գործողություններից եւ նրանց աջակցելու միացան մի քանի տասնյակ սադրիչ Երեւանից: Հազարավոր մարդիկ այս համայնքներում արդեն երկու տարի սպասում են խնդրի օրինական կարգավորմանը: Զրկված օրինական աշխատանքից, հուսահատված մարդիկ ապրում են ապօրինություն իրականացնող խմբավորման մշտական սպառնալիքների ներքո` չստանալով իրենց իրավունքների օրինական պաշտպանություն պետությունից եւ իրավապահ մարմիններից:Երեկ եւս համայնքի ավելի քան 5 հազար բնակիչ ուղիղ եթերում հետեւում էր, թե ինչպես է մի քանի տասնյակ սադրիչ` այդ թվում տարբեր պատեհապաշտներ` Երեւանից, համայնքի անունից բանակցում այս ապօրինության հանդեպ հետեւողական հանդուրժողականություն դրսեւորող ոստիկանության հետ:«Լիդիան Արմենիան» պաշտոնապես հայտարարում է, որ ընկերությունը շարունակելու է լինել Հայաստանի այն բացառիկ ընկերություններից, որ որեւէ պարագայում չի շեղվելու օրենքի տառից, որքան էլ դա դժվար լինի: Ընկերությունը չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որեւէ առարկայի շուրջ: Ընկերությունը շարունակելու է պայքարել իր օրիանական իրավունքները վերականգնելու համար, ի հեճուկս բոլոր այն ուժերի, որոնք փորձում են ապօրինի գործողություններով տապալել երկրի խոշորագույն եւ օրինակելի ներդրումը:«Լիդիան Արմենիան» հայտարարում է, որ չի դառնալու քաղաքական խաղաքարտ որեւէ ուժի համար:Ողջ աշխարհը արդեն երկու տարի հետեւում է այս աննախադեպ ապօրինությանը, որը խարան է թողել Հայաստանի հեղինակության վրա:«Լիդիան Արմենիան» կառավարությանը եւ ոստիկանությանը կոչ է անում վերականգնել օրենքը եւ կանգնել օրենքի երկամյա ոտնահարումից տուժած հազարավոր քաղաքացիների իրավունքների կողքին»: Tweet Դիտում՝ 1686