Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ընկերության տարածքից։ Ընկերությունը հայտնել է, որ ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որեւէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել։ «Ամուլսարում աշխատանքերի իրականացման միակ խոչընդոտը եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։ «Լիդիանը» երկու տարի փորձել է խուսափել բախումներից, ապավինելով օրենքի կիրառմանը, որն այդպես էլ երկու տարվա ընթացքում տվյալ հարցում չկիրառվեց։ Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը եւ հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։ Այս տարվա հուլիսին «Լիդիանը» ստացավ եւս մեկ փորձագիտական եզրակացություն, որ վագոն-տնակները գտնվում են «Լիդիանի» տարածքում։ Քանի որ ոստիկանությունը ընկերության դիմումին հերթական անգամ չարձագանքեց, «Լիդիանը» սեփական տարածքից ապօրինի գույքը հեռացրել է ինքնուրույն», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ: «Ամուլսարում ապօրինություն իրականացնող խումբը, տեսնելով, որ չունեն համայնքի բնակիչների աջակցությունը, փորձում է բախումներ հրահրել` Երեւանից հավաքվող սադրիչների խմբով արհեստական աղմուկ բարձրացնելով։ Կոչ ենք անում համայնքների բնակիչներին չտրվել սադրանքի եւ զերծ մնալ խուլիգանություն իրականացնող խմբի հետ բախումներից։ Կոչ ենք անում իրավապահ մարմիներին հետամուտ լինել այս տարածքում օրինականության վերականգնմանը եւ ապահովել քաղաքացիների անվտանգությունը», - հայտնել է «Լիդիան Արմենիան»: Tweet Դիտում՝ 1844