ՀԿԵ-ն շարունակում է կանոնավոր փոխադրումներ իրականացնել

28.07.2020 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հարավկովկասյան երկաթուղի»
Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով ուղեւորահոսքի զգալի կրճատմանը` «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը շարունակում է կանոնավոր ներհանրապետական ուղեւորափոխադրումներ իրականացնել:

Ինչպես նշել են ընկերությունում, փոխադրումները տեղական հաղորդակցությունում գեթ մի օր չեն կանգնել, էլեկտրագնացքների բոլոր ներքին ուղերթներն իրականացվել են ըստ ժամանակացույցի, իսկ ամենախիստ սահմանափակումների եւ միջքաղաքային ավտոտրանսպորտի ժամանակավոր չեղարկման ժամանակահատվածում հենց երկաթուղին էր դարձել մայրաքաղաքը հանրապետության մարզերի հետ կապող միակ օղակը:

«Կորոնավիրուսային վարակի տարածման վտանգի պատճառով ստեղծված վիճակը չէր կարող բացասական ազդեցություն չունենար երկաթուղային տրանսպորտի աշխատանքի վրա. մարտի 14-ից չի գործում Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային գնացքը, չեղարկվեց Երեւան-Բաթումի-Երեւան երթուղին, որը սովորաբար բացվում էր ամեն տարի հունիսի 15-ին, չի գործարկվել Սեւանա լճում հանգիստ նախընտրողների համար նախատեսված սեզոնային էլեկտրագնացքը, որը սովորաբար գործում էր հունիսից մինչեւ սեպտեմբեր:

Ուղեւորների մեծ հոսքից խուսափելու եւ համաճարակի պատճառով էլեկտրագնացքներում գործող կանոնների պահպանումն ապահովելու համար երկաթուղին ստիպված կլինի նաեւ չեղյալ հայտարարել ավանդական դարձած անվճար երթեւեկության ակցիան, որն անցկացվում էր ամեն տարի Երկաթուղայինի օրը: Այնուամենայնիվ, կարանտինի վերացումից եւ համաճարակաբանական իրավիճակի կայունացումից հետո ՀԿԵ-ն, անշուշտ, կիրականացնի այս ավանդական միջոցառումը՝ դրա մասին նախապես տեղեկացնելով ուղեւորներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

2020թ. առաջին կիսամյակում երկաթուղին տեղափոխել է 136,8 հազ. ուղեւոր, որից 3,5 հազարը՝ միջազգային, իսկ 133,3 հազարը՝ տեղական հաղորդակցությունում:

Համեմատության համար՝ 2019թ. առաջին կիսամյակում Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով տեղափոխվել է 178,7 հազ. ուղեւոր, որից 166,1 հազարը՝ տեղական, իսկ 12,6 հազարը միջազգային հաղորդակցությունում:

«Ուղեւորափոխադրումների հիմնական անկումը կապված է միջազգային երթեւեկության դադարեցման, տուրիստական խմբերի բացակայության, ուսումնական հաստատություններում դասերի չեղարկման եւ, համապատասխանաբար, ուսանող ուղեւորների բացակայության հետ: Ներկայումս ուղեւորների 77%-ը կարճ տարածություններով՝ մինչեւ 50 կմ, ճամփորդողներն են:

Այնուամենայնիվ, չնայած առաջացած դժվարություններին, ՀԿԵ-ն աշխատում է ուղեւորափոխադրումների որակի բարելավման ուղղությամբ. հուլիսի 1-ից ուղեւորների շրջանում ամենապահանջված՝ Երեւան-Գյումրի, երթուղու երկու ուղերթները սպասարկում է ԷՊ2Դ նոր սերնդի էլեկտրագնացքը:

Այսպիսով, հույս ունենք մեր մշտական եւ նոր ուղեւորներին կրկին տեսնել կյանքի սովորական ռիթմին վերադառնալուց հետո»,- նշել են ընկերությունում:
Դիտում՝ 4045
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW