Սննդամթերքի առաքմամբ զբաղվող հայ-իռլանդական Buymie ընկերությունը €5.8 մլն ծավալով ներդրում է ստացել՝ այս տարվա ընդհանուր ներդրումային ֆոնդը հասցնելով €8 մլն-ի: Ներդրման վերջին շրջափուլը գլխավորել է Wheatsheaf Group-ը, ներդրումներ են ունեցել նաեւ Act Venture Capita-ը, Sure Valley Ventures-ը, Haatch Ventures-ը եւ HBAN-ը։Ընկերությունը հիմնադրվել է 2016թ. Դեւան Հյուզի եւ Արտավազդ Սոխիկյանի կողմից:Buymie-ն հանդիսանում է սննդամթերքի առաքման առաջատարն Իռլանդական շուկայում եւ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված նրա ծառայությունների պահանջարկը աճում է։ Իռլանդիայում ընկերությունը համագործակցում է հանրահայտ Lidl ընկերության հետ՝ հնարավորություն տալով վերջինիս հաճախորդներին կատարել օնլայն գնումներ եւ ստանալ իրենց պատվերը ընդամենը մեկ ժամում։ «Մենք օգնում ենք մեր գործընկերներին՝ Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի խանութներին սննդամթերքի արագ առաքման ոլորտում մրցակցել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսին է Ամազոնը։ Մենք կրկնակի հպարտ ենք, որովհետեւ մեր ամբողջ ծրագրային ապահովումը մշակվել է Հայաստանում»,- նշել է Buymie-ի տեխնիկական տնօրեն եւ համահիմնադիր Արտավազդ Սոխիկյանը: Buymie-ն արդեն գործում է նաեւ Անգլիայում, որը հանդիսանում է կազմակերպության առաջին ընդլայնումը՝ Իռլանդիայից դուրս։ Վերջերս հավաքված միջոցները Buymie-ին հնարավորություն կտան շարունակել շուկայի արագ ընդլայնումը ինչպես Իռլանդիայում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում: Ներկայումս դիտարկվում են Մեծ Բրիտանիայի եւս 15 քաղաքներ: Անի Դավթյանը՝ Buymie-ի գործառնական բաժնի ղեկավարը, խոսելով Buymie-ի ընդլայնման եւ նոր ֆինանսավորման մասին նշել է. «Արտերկրում իրականացվող բիզնեսի գործառնությունների կազմակերպումը Հայաստանից շատ հետաքրքիր մարտահրավեր է, որը, ի պատիվի մեր թիմի, բավականին հաջողությամբ իրականացնում ենք, իսկ նոր ներդրումը թույլ կտա դառնալ էլ ավելի արդյունավետ՝ նոր գործիքների կիրառման եւ թիմի մեծացման շնորհիվ»: «Այս ֆինանսավորման շրջափուլը կօգնի Buymie-ին Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի սահմաններում դառնալ առաջատար ընկերություն՝ մթերքի նույնօրյա առաքման ոլորտում։ Բազմաթիվ հաճախորդներ հիասթափված են սովորական առաքման ծառայություններից՝ երկար սպասելաժամանակի պատճառով եւ ուրախ են տեսնել մեր լուծումը, որը կարող է առաքել մթերքներ ընդամենը մեկ ժամվա ընթացքում: Մեր եւ Lidl-ի համագործակցության հաջողությունը ցույց տվեց, թե որքան պահանջարկ կա մեր ծառայության համար, եւ որքան կարեւոր է անխափան առաքումը մանրածախ առեւտրի հեղինակությունների համար»,- ասել է Buymie-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Դեւան Հյուզը: «Մենք ոգեւորված ենք Buymie-ի ներուժով, եւ այս ներդրումը համահունչ է Wheatsheaf-ի նպատակներին՝ սպառողներին տրամադրել բարձրորակ սննդի ընտրություն եւ կառուցել մեր պորտֆոլիոն սննդի եւ գյուղատնտեսության ամբողջ մատակարարման ցանցում»,- ընդգծել է ներդրում կատարած Wheatsheaf-ի գործադիր տնօրեն Քեթրին Բուրթը: Tweet Դիտում՝ 1811