ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է COVID-19-ի սոցիալական հետեւանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության 20-րդ եւ 22-րդ միջոցառումների շրջանակներում միանվագ աջակցության գումարների վճարումը: Ինչպես նշել են բանկում, ծրագրերի շրջանակներում բոլոր վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով` հաճախորդի քարտի համարով:ՀՀ Կառավարության 20-րդ ծրագրով ֆինանսական աջակցություն կարող են ստանալ COVID-19 պանդեմիայից տուժած մասնավոր հատվածի աշխատողներն ու անհատ ձեռներեցները: Տուժած ոլորտների ցանկին են դասվում` հյուրանոցային բիզնեսը, զբոսաշրջությունը, հանրային սննդի ծառայությունները, մասնավոր մանկապարտեզները, սպորտային ակումբները եւ տարբեր կրթական համալիրներ: 22-րդ միջոցառումը նախատեսում է միանվագ աջակցության վճարում այն անձանց, ովքեր ազատվել եւ չեն անցել մեկ այլ աշխատանքի՝ մարտի 31-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:Ծրագրերի շրջանակներում միանվագ աջակցության վճարման գումարը կազմում է 68,000 դրամ: Այն ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ստուգել ծրագրի շահառու հանդիսանալու փաստը: Դա կարելի է կատարել` նշելով ՀԾՀ-ն (հանրային ծառայությունների համարանիշ) այս հղումով: Դրական պատասխան ստանալու դեպքում անհրաժեշտ է նույն հղումով լրացնել դիմում՝ նշելով ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտի համարը: Ծրագրի շահառուն պետք է լինի անմիջապես քարտապանը:Միանվագ աջակցության գումարը քարտին փոխանցելուց հետո այն կարելի է կանխիկացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի շուրջ 200 բանկոմատների միջոցով:COVID-19-ի հետեւանքների չեզոքացմանն ուղղված 20-րդ եւ 22-րդ միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ նաեւ բանկի պաշտոնական կայքում, կամ զանգահարելով Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3576