Covid-19-ի մարտահրավերները՝ հայկական հագուստ եւ կոշիկ արտադրողների համար

21.07.2020 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Covid-19 #EU4Business #հայկական արտադրանք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2018-ին Հայաստանից արտահանվել է ավելի քան $214 մլն, իսկ 2019-ին՝ ավելի քան $167 մլն համարժեք հագուստ ու կոշիկ։

Արեւելյան գործընկերություն, առեւտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը 2017-ից սկսած անհատական լուծումներ է տրամադրում տեղական ՓՄՁ-ներին՝ օգնելով միջազգային շուկայի պահանջներին համապատասխան բարձր արժեքով ապրանքներ արտադրել եւ կապելով միջազգային գնորդների հետ՝ հատկապես ԵՄ-ի տարածքում:

ՓՄՁ-ների ներկայացուցիչների համար EU4Business-ի նախաձեռնության շրջանակում Առեւտրի միջազգային կենտրոնի եւ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից կազմակերպված սեմինարի ժամանակ նշվել է, որ նորաձեւությունը քովիդյան ճգնաժամի արդյունքում տնտեսության ամենից շատ տուժած ոլորտներից է աշխարհում։

«Fashion Consulting Group ընկերության տվյալներով՝ 2020-ի հունվար-ապրիլ ամիսներին նորաձեւության ոլորտում գործող ընկերությունների միջին շուկայական արժեքը նվազել է 40%-ով։

Քովիդ-19-ը խախտել է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ձեռնարկությունների պլանները, ինչի արդյունքում բազում պատվերներ սառեցվել են: 2020-ն ապացուցեց, որ քովիդյան ճգնաժամին կարողացել են դիմակայել միայն այն ընկերությունները, որոնք օֆլայն միջոցներին զուգահեռ կիրառում էին նաեւ հաղորդակցության թվային լուծումներ՝ ավելացված ու վիրտուալ իրականություն, հաճախորդների սպասարկման ավտոմատացված համակարգեր, խաղաֆիկացում, ինֆլուենսեր մարքեթինգ եւ այլն։ Collective Bias գործակալության հարցման արդյունքում պարզ է դարձել, որ գնորդների 30%-ն ուշադրություն է դարձնում այն ապրանքներին, որոնք գովազդում են ոչ թե ոլորտի առաջատարները, այլ բլոգերները»,- սեմինարի ընթացքում ասել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի խորհրդատու Անուշ Գասպարյանը։  

Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության  ծրագրերի համակարգող Արաքսյա Գրիգորյանն էլ նշել է, որ հայկական արտադրանքի 52%-ն արտահանվում է ԵԱՏՄ, 45%-ը՝ Եվրոպա եւ 3%-ը՝ այլ շուկաներ:

«ՄԱԱԶԿ բազմամյա փորձը դիտարկելով՝ սեմինարի համար ընտրվել են այն թեմաները, որոնք հայկական ընկերություններին հնարավորություն կընձեռեն խորը գիտելիքներ ունենալ շուկաների առանձնահատկությունների մասին եւ նպատակաուղղված կիրառել ռեսուրսները՝ արտահանումը բարելավելու համար»,- հավելել է նա:

Դիտում՝ 1328
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW