«Մոսկվա-80»` Մեդիամաքսի եւ «Գալաքսի» խմբի համատեղ նախագիծը

14.07.2020 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ /
Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ «Գալաքսի» ընկերությունների խումբը գործարկել են «Մոսկվա-80» հատուկ նախագիծը՝ նվիրված 1980 թվականի` Մոսկվայի Օլիմպիական խաղերի 40-ամյակին:

«Մոսկվա-80» հատուկ նախագիծն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պատմելու է Մոսկվայի Օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի կազմում մեդալներ նվաճած հայաստանցի մարզիկների մասին:

«1980 թվականի Օլիմպիական խաղերը հատուկ տեղ ունեն շատերի հիշողություններում եւ պատճառներից մեկը հայ մարզիկների ելույթներն են ու, հատկապես, Յուրի Վարդանյանի անհավատալի ռեկորդները: Մոսկվայի խաղերից անցել է 40 տարի եւ մենք որոշեցինք հաճելի հիշողություններ պարգեւել ավագ սերնդի ներկայացուցիչներին, իսկ ավելի երիտասարդներին պատմել, թե ինչպես էին կերտվում հաղթանակները: Շնորհակալ ենք «Գալաքսի»-ին, որի գլխավոր գործընկերության շնորհիվ կարողացանք նախագիծը ներկայացնել գեղեցիկ եւ նորարար ձեւով», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

1980 թվականին Օլիմպիական խաղերի չեմպիոններ են դարձել ծանրորդ Յուրի Վարդանյանն ու մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը, արծաթե մեդալակիրներ՝ ջրացատկորդ Սիրվարդ Էմիրզյանը, ծանրորդ Յուրի Սարգսյանն ու սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը, որը նաեւ բրոնզե մեդալ է նվաճել: ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում Խորեն Հովհաննիսյանն ու ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանն էլ բրոնզե մեդալներ են ստացել:

«Մոսկվայի օլիմպիական խաղերը մեր ծնողների սերնդի պատմության կարևոր մասն են։ Տուրիստական հյուրանոցներ, «կոկա-կոլա», «ադիդաս». ընդունված է ասել, որ ԽՍՀՄ երկաթե վարագույրը ընկավ աշխարհի այս ամենաքաղաքականացված օլիմպիադիայի արդյունքում, ուստի անկախ Հայաստանի սովետական ժառանգության այս դրվագը ավելի քան կարևոր է իմանալ։ Հատկապես այսօր, երբ երիտասարդները ապրում են մեկ օրվա տրամադրությամբ ու «Տիկ-Տոկ» հեռախոսային ծրագրով, հուսով ենք, որ Մեդիամաքսի այս նախագիծը կօգնի մեր երիտասարդներին հաղորդակից լինել անցյալի պատմության այս հետաքրքիր դրվագներին»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի խոշորագույն հոլդինգային ընկերություններից մեկն է՝ իր կազմում ներկայացնելով 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում՝ Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։
Դիտում՝ 1245
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW