MAN Truck & Bus-ը ներկայացնում է նոր սերնդի MAN բեռնատարները

09.07.2020 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
#MAN Truck & Bus
Այսօր բեռնափոխադրման ոլորտում պահանջներն ավելի բազմազան եւ բարդ են, քան երբեւէ։ Ապագայի կանխատեսումները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է իրականացնել ոլորտի հիմնարար վերափոխումներ, ինչը կապված է մեծ դժվարությունների հետ։

MAN Truck & Bus SE ընկերությունը 20 տարի անց առաջին անգամ ներկայացնում է լիովին նոր բեռնատար մեքենաների սերունդ, որը հետեւողականորեն ուղղված է բեռնափոխադրման ոլորտի փոփոխվող պահանջներին։ MAN բեռնատարների նոր սերունդը հանդիսանում է 5 տարիների ինտենսիվ աշխատանքի արդյունք։

Նախագծում անմիջականորեն ներգրավվել են 2100 աշխատակիցներ, այդ թվում 360 ինժեներներ, իսկ դիզայնի գործընթացին մասնակցել են 300 հաճախորդներ 16 երկրներից: Տեխնիկական բոլոր ճշգրտումները կատարելու եւ վերջնական տեսքին հասցնելու համար, նոր սերնդի բեռնատարներն անցել են փորձարկումների մոտ 4 միլիոն կմ ճանապարհ։

Սահմանելով չափորոշիչների բարձր մակարդակ՝ նոր սերնդի MAN բեռնատարներում  ներդրվել են բազմաթիվ նորարարական եւ արդիական համակարգեր, որոնք նախագծվել եւ մշակվել են նորովի եւ հարմարացվել օգտագործողի պահանջներին։ Արդյունքում, ի տարբերություն նախորդ մոդելների, նոր սերնդի բեռնատարներն ավելի ապահով են ու անվտանգ:  

Նոր դիզայն, վստահելի արժեքներ



Գործառնական եւ տեխնիկական նոր զարգացումների արդյունքում, նոր սերնդի MAN բեռնատարների արտաքինը նույնպես վերափոխվել է հիմնովին՝ պահպանելով մեկ առանձնահատկություն, այն է` MAN մեքենան պետք է միշտ ճանաչվի առաջին իսկ հայացքից: Չնայած անթերի արտաքին դիզայնին, նախագծողները կարեւոր նշանակություն են տվել մեքենաների ամրությանը, որը MAN-ի ամենակարեւոր առանձնահատկություններից է:  MAN դիզայներները մեծ խնամքով աշխատել են նախորդ սերնդի մեքենաների արտաքին տեսքի արդիականացման եւ զարգացման վրա, ինչի արդյունքում նոր սերնդի բեռնատարները ստացել են ավելի տարբերվող, ժամանակակից եւ ֆունկցիոնալ լուծումներ:

Նոր խցիկներ՝ հարմարեցված վարորդների պահանջներին



Նոր սերնդի MAN բեռնատարների խցիկներն առանձնանում են իրենց հարմարավետությամբ եւ կառավարման մատչելիությամբ: Ղեկավարման ստեղներն օպտիմալ կերպով տեղակայված են այնպես, որ հնարավոր լինի հեշտությամբ հասնել դրանց վարման դիրքից: Ստեղների ճիշտ տեղաբաշխման եւ առավել ֆունկցիոնալության շնորհիվ վարորդը ավելի քիչ է ուշադրությունը շեղում ճանապարհից, ինչը նպաստում է անվտանգ երթեւեկությանը:

Նոր սերնդի բեռնատարների նախագծման գործընթացում առավել ուշադրություն է դարձվել այն հանգամանքի վրա, որ վարորդի համար խցիկը ծառայի թեˊ որպես աշխատավայր, եւ թեˊ բնակելի տարածք։  

Նոր խցիկների նորամուծությունների եւ դիզայներական լուծումների համար ընկերությունը հիմնվել է փորձառու վարորդների դիտարկումների վրա։ Նախագծողները խորհրդակցել են ավելի քան 700 մասնագետների հետ եւ այցելել տասնյակ տեխսպասարկման կենտրոններ՝ հավաքագրելով բոլոր գաղափարներն ու առաջարկները:

Ինովացիոն SmartSelect համակարգ



Կառավարման սենսորային վահանակը եւ նրա հարմարեցված դիրքը բացառիկ նորույթ է բեռնատարների ոլորտում։ MAN SmartSelect համակարգը նախատեսված է նվազագույն շեղումներով ինտուիտիվ եւ արագ կիրառության համար ցանկացած ճանապարհային իրավիճակում։ Սենսորային վահանակի օգնությամբ կարելի է հեշտությամբ կառավարել MAN մուլտիմեդիա համակարգը։ Ամբողջովին թվայնացված 12.3 դյույմանոց բարձրակարգ, գունավոր էկրանը վարորդին փոխանցում է օպտիմալ տեղեկատվություն արտացոլման նոր եղանակով:  

Փորձարկման փուլն անցած բոլոր վարորդների խոսքերով, այս համակարգը զգալի հեշտացնում է մեքենայի կառավարումը։

Հզոր եւ արդյունավետ շարժիչներ

MAN բեռնատարների նոր սերնդի համար արդիականացված շարժիչները, կատարյալ ներդաշնակությամբ աշխատելով տրանսմիսիոն բաղադրիչների հետ, նվազեցրել են արտանետումերի քանակը եւ ավելացրել վառելիքի խնայողությունը։ Այս արդիականացման ընթացքում MAN-ն ամբողջովին վերափոխել է իր «բեսթսելլեր» դարձած D26 մոդելը։ Բազմաթիվ աննշան բարելավումների շնորհիվ հնարավոր է դարձել նվազեցնել շարժիչի կշիռը մոտ 70 կիլոգրամով եւ ավելացնել վառելիքի խնայողությունը 8%-ով՝ համեմատած նախորդ սերնդակցի հետ:



Անվտանգության ինդիվիդուալ համակարգ

Դժվարանցանելի երթեւեկության ժամանակ անվտանգության համակարգը ազդանշանների օգնությամբ վերահսկում եւ վարորդին օգնում է պահպանել համապատասխան հեռավորություն դիմացի մեքենայից: Երթեւեկության գծերի փոփոխման օգնական համակարգի միջոցով, երբ վարորդը վերադասավորվում  եւ փոխում է երթեւեկության գիծը, համակարգը միացնում է թարթող լուսարձակները: Մեքենայի երթեւեկելի գոտուց դուրս գալու պարագայում, վարորդը նախազգուշացնող ազդանշան է ստանում արագության վերահսկման համակարգից։

MAN EfficientCruise համակարգ

MAN EfficientCruise համակարգի միջոցով եւ GPS-ի օգնությամբ համակարգը հնարավորություն ունի վերլուծել ճանապարհը մինչեւ 3կմ հեռավորությամբ եւ հաշվարկել ամենաարդյունավետ վարման մեխանիզմը՝ ավտոմատ կերպով ծրագրավորելով  համակարգը խնայողության չափորոշիչներին համապատասխան: Այս համակարգը հնարավորություն է տալիս թեթեւացնել նաեւ վարորդի ծանրաբեռնվածությունը եւ կենտրոնացումը:



Հաշվի առնելով MAN նոր սերնդի բեռնատարների նորամուծություններն ու առավելությունները՝ միանշանակ է, որ ընկերության մոդելային շարքը առաջատար դիրքում է եւ հստակ քայլերով շարունակում է նվաճել բեռնափոխադրումների ոլորտը:
Դիտում՝ 6669
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW