Հայաստանից Աֆրիկա. չրարտադրության գաղտնիքների բացահայտման հետքերով

06.07.2020 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չրարտադրություն #EU4Business

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018թ. Հայաստանից արտահանվել է 263 տոննա չորացված միրգ եւ բանջարեղեն, իսկ 2019թ. այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 485 տոննա։  

Հայ չրագործները մարտ ամսին մեկնել էին Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ ծանոթանալու չրագործության արտադրական ողջ շղթային, այցելել այգիներ, արտադրամասեր, ծանոթացել վաճառքի կենտրոններին, մասնակցեցին տարբեր գործնական հանդիպումների` ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում չրագործության համար անհրաժեշտ բնակլիմայական պայմանները, գուցե, զիջում են Հայաստանին. ջրի սակավություն, աղակալած հողեր, սպառման շուկաներից հեռու գտնվելը, ինչը, սակայն, չի խանգարում, որ հարավաֆրիկյան չրերն արտահանվեն աշխարհի տարբեր երկրներ։

Այցը կազմակերպվել էր Արեւելյան գործընկերություն՝ առեւտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Առեւտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Այն աջակցում է Արեւելյան գործընկերության երկրների փոքր եւ միջին ձեռնարկություններին միջազգային շուկայի պահանջներին համապատասխան բարձր արժեքով ապրանքների արտադրման հարցում՝ նրանց կապելով միջազգային շուկաների գնորդների հետ՝ հատկապես ԵՄ-ի տարածքում:



«Չրի արտադրության համար ամենակարեւորը ճիշտ այգի ու բերք ունենալն է։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում չրարտադրության ոլորտը կարգավորվում է օրենքով. արտադրողը պարտավոր է օգտագործել հատուկ չրի համար նախատեսված այգիների բերքը, իսկ մրգի տեսակները տրամադրում է սելեկցիոն կայանը, որտեղ փորձարկվում են նոր կուլտուրաները։ Տարիներ շարունակ այդ մրգատեսակներից չիր, պահածո ու այլ արտադրանք են ստեղծում, մինչեւ որ դրանք համարվում են պիտանի մասնագիտացված այգիներ հիմնելու համար։ Չրի համար մեկ մրցունակ մրգատեսակ մշակելու համար պահանջվում է ավելի քան 15 տարի։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ողջ բերքն իր տեսակով, ամրությամբ, գույնով բերվում է նույն տեսքի»,- ասել է «Ագրոլոգ» ուսումնաարտադրական կենտրոնի տնօրեն Արա Մարությանը։



Ուսումնական այցի ընթացքում հայ արտադրողները ծանոթացել եմ միջազգային եւ հատկապես եվրոպական շուկայում մրցունակ չիր վաճառելու գաղտնիքներին՝ ինչպես ապահովել չրի խոնավության նախընտրելի աստիճան, որ հաճելի լինի եվրոպացի գնորդի քիմքին, վերամշակման ինչ մեթոդներ կիրառել չրի կյանքը երկարացնելու համար, ինչպես ունենալ եվրոպական չափանիշներին համապատասխան գրավիչ, բայց միեւնույն ժամանակ ոչ ծախսատար փաթեթավորում, ինչպես ճիշտ կազմակերպել արտադրանքի առաջխաղացումն ու վաճառքը։

Ռեսուրսներն արդյունավետորեն օգտագործելու եւ շուկայում դիվերսիֆիկացիա ապահովելու համար հարավաֆրիկյան չրագործներն ապրանքային տեսք չունեցող բերքից ստանում են բազմատեսակ չրային արտադրանք՝ մրգային բատոններ, չրային կոնֆետներ, ինչն օգտագործվում է ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման համար։

Հարավաֆրիկյան չրարտադրողների հաջողության առանցքում նաեւ ամուր կրթական հիմքն է։ Սննդագիտության մագիստրատուրայի ֆակուլտետի ուսանողը դիպլոմ կարող է ստանալ միայն այն դեպքում, եթե սննդի նոր արտադրանք է ստեղծում։ Դիպլոմը նրան շնորհվում է նոր արտադրանքի՝ առնվազն 100 մարդու համտեսից ու դրական գնահատականից հետո։

Տարիների ընթացքում ձեռք բերված հմտությունների փոխանցման եւ, առհասարակ, ոլորտի զարգացման գործում արտադրողներին օգնում են հատուկ ասոցիացիաները, որոնք արժեքավոր հարթակ են արտադրողների ու պետության միջեւ։ Նրանք խորհրդատվություն են տրամադրում մրգատեսակների, մրցունակության ու արտահանման բարելավման վերաբերյալ եւ առաջարկներ ներկայացնում պետական մարմիններին այդ թվում հարկերի, պետական օժանդակության եւ այլ հարցերով: Մասնավոր հիմունքով գործող այս հաստատությունների կենսունակությունն ապահովում են հենց իրենք՝ ասոցիացիայի անդամները՝ իրենց վաճառած յուրաքանչյուր 1 կգ չրի համար վճարելով 21 ցենտ, իսկ 1 կգ թարմ մրգի համար՝ 10 ցենտ։



Առողջ արտադրանք ունենալու համար հարավաֆրիկյան չրագործները կիրառում են պարզ, բայց արդյունավետ հնարքներ։ Օրինակ, մաղերի վրայի չրերը ուտող թռչուններին քշելու համար ամբողջ տարածքում տեղակայված բարձրախոսերի միջոցով հնչում են գիշատիչ թռչունների ու կրակոցի ձայնագրված հնչյուններ։ Բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, եւս, հաջողության գրավականներից է։ Յուրաքանչյուր այգի ունի իր ջրամբարը, որտեղ հավաքվում են անձրեւից ու ձնհալից գոյացած ջրերը, որն էլ օգտագործվում է ոռոգման համար, իսկ այգիների ներսում գտնվող ճանապարհների բարեկարգման համար օգտագործվում են դեղձի կորիզներ։

«Օրգանական Հայաստան» ասոցիացիայի վերամշակման բաժնի պատասխանատու Տիգրան Ծատուրյանը նշել է, որ մասնագիտացված նոր այգիների հիմնումը, նոր սորտերի տնկիների ներմուծումն ու տեղական սորտերի բարելավումը, նեղ մասնագիտական երիտասարդ թիմերի ստեղծումն ու անցումը դեպի օրգանական գյուղատնտեսության կօգնի հայ արտադրողին պահպանել եւ բարելավել այս աճի միտումը՝ միջազգային շուկայում առավել մրցունակ դարձնելով տեղական արտադրանքը։

Արեւելյան գործընկերություն՝ առեւտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում տեղացի արտադրողները մասնակցել են մի շարք առաջատար ցուցահանդեսների Եվրոպայում՝ նոր գործարար կապերի հաստատման ու արտահանման խթանման նպատակով։ Միջազգային ու տեղացի փորձագետների խորհրդատվության շնորհիվ ծրագրի շահառուներից շատերն արդեն ՎՎՀԿԿ (վտանգների վերլուծության եւ հսկման կրիտիկական կետեր, HACCP) համակարգի հավաստագրի ձեռք բերման ճանապարհին են, ինչը եվրոպական եւ ամերիկյան շուկաներ դուրս գալու կարեւոր նախապայման է։

Դիտում՝ 2618
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW