ՊԵԿ նախագահը կարեւորել է հարկ վճարողներին որակյալ ծառայությունների մատուցումը

29.06.2020 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էդվարդ Հովհաննիսյան #Պետական եկամուտների կոմիտե
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը Շիրակի մարզում ծանոթացել է ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին:

Էդվարդ Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալների եւ գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Գյումրիի հարկային մարմնի ստուգումների եւ սպասարկման բաժիններում, հետաքրքրվել ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես, համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու առումով, կարեւորել ստեղծված իրավիճակում հարկ վճարողներին եւ քաղաքացիներին արագ եւ որակյալ ծառայությունների մատուցումը:

Էդվարդ Հովհաննիսյանը նաեւ այցելել է Հյուսիսային մաքսատուն-վարչություն, հետաքրքրվել մաքսային ձեւակերպումների կազմակերպման գործընթացով, արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին մտահոգող խնդիրներով:

Կոմիտեի ղեկավարը շրջայցով եղել է նաեւ Բավրայի մաքսակետ-բաժնում, հետեւել մաքսային հսկողության կազմակերպման գործընթացին: Ձեւակերպումների սրահում քննարկել տրանսպորտային միջոցների վերահսկողության արդյունավետության բարձրացման հարցեր:

Գյումրիում ՊԵԿ նախագահը ծանոթացել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնի շինարարության ընթացքին: Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է տարածքում, հետեւել իրականացվող աշխատանքներին:

Հյուսիսային սահմանով իրականացվող արտահանումների մաքսային հսկողության գործառնություններն ամբողջությամբ նախատեսվում է տեղափոխել հենց այս սպասարկման կենտրոն: Մինչ Հյուսիսային կենտրոնի ամբողջական շահագործումը, սակայն, գործընթացը կիրականացվի փուլային եղանակով: Առաջին փուլով կիրականացվեն միայն այն բեռների հետ կապված մաքսային գործառնությունները, որոնց արտահանման համար չեն պահանջվում ՀՀ պետական այլ մարմինների թույլտվության փաստաթղթեր:

Շրջայցի ընթացքում կոմիտեի ղեկավարին ներկայացվել են նաեւ այն ենթակառուցվածքները, որոնք գործելու են շինարարության ավարտից հետո: Արդյունքում ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի եւ թվային լուծումների վրա հիմնված՝ ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն: Կառույցը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով. տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսային ձեւակերպումների բոլոր գործարքները, այդ թվում` նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները:

Կենտրոնը բարձր որակավորում ունեցող մաքսային ծառայողներով ապահովելու նպատակով, Հյուսիսային-մաքսատուն վարչությունում ծառայություն իրականացնող աշխատակիցները վերապատրաստվում են։
Դիտում՝ 1125
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW