Գլոբալ տնտեսության կորուստները կարող են գերազանցել $12 տրլն-ը
26.06.2020 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Twitter

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ամերիկյան Navigator Principal Investors ընկերության ղեկավար Կայլ Շոստակը (Kyle Shostak):
Իր խոսքով՝ 2020-2021թթ. ընթացքում գլոբալ տնտեսության ընդհանուր կորուստները կկազմեն ավելի քան $12 տրլն: «Սա աներեւակայելի թիվ է, հաշվի առնելով, որ դեռեւս մեկ տարի առաջ ոչ ոք անգամ չէր էլ կարող պատկերացնել ոչ նման աղետի հնարավորության, ոչ էլ դրա հետ կապված կորուստների ծավալի մասին»,- ասել է նա:
Փորձագետն ավելացրել է, որ, ըստ սպասումների, համաշխարհային առեւտուրը 12%-անոց անկում կապրի: «Համաշխարհային փլուզված առեւտուրն իր մատակարարումների շղթաների հետ զգալիորեն կդժվարացնի ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տնտեսությունների վերականգնումը»,- պարզաբանել է նա:
Փորձագետի կարծիքով՝ բացառված չէ, որ այս կանխատեսումը եւս վերանայվի: «ԱՄՀ-ի կանխատեսումն իր մեջ պարունակում է ստեղծված իրավիճակի ողջ ծանրության ինչպես գերագնահատման, այնպես էլ թերգնահատման ռիսկեր»,- ասել է Շոստակը:
«Մի կողմից, վարակի բուժման եւ պատվաստանյութի մշակման մասին նորությունները կարող են խթանել եւ էապես բարելավել բնակչության շարժունակությունն ու սպառողական ծախսերը՝ ճանապարհ բացելով ֆինանսական արագ առողջացմանը: Մյուս կողմից էլ, վարակի տարածման նշմարվող նոր ալիքները կարող են ի չիք դարձնել անգամ այս փխրուն աճը»,- կարծում է փորձագետը:
Սակայն ՀՆԱ-ի անկումը միակ գործոնը չէ, որի հետ պետք է հաշվի նստեն պետությունները: «Ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող շատ երկրներ սպասում են մարդկային ռեսուրսների անցում տնտեսության լճացած հատվածներից դեպի արագ զարգացող ոլորտներ: Մի քանի անգամ կաճի հանրային պարտքը, երկրներն էլ ավելի շատ կդիմեն արտաքին փոխառություններին»,- նշել է Կայլ Շոստակը:
Banks.am-ը հիշեցնում է, որ ԱՄՀ կանխատեսմամբ՝ 2020թ․ համաշխարհային տնտեսության անկումը կկազմի 4,9%, ինչը 1,9 տոկոսային կետով ավելի ցածր է, քան ապրիլյան կանխատեսումը (3%)։ Համաձայն ԱՄՀ կանխատեսումների` 2021թ․ համաշխարհային տնտեսությունը կաճի 5,4%-ով, ինչը 0,4 տոկոսային կետով ավելի ցածր է, քան ապրիլյան կանխատեսումը (5,8%)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: