«Մեգա կրեդիտ»-ի գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե

17.06.2020 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մեգա կրեդիտ» #ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ վարկային կազմակերպության տնօրենի եւ վարկային մասնագետի կողմից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները, նրանց գործողություններից տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. ապրիլին քաղաքացիներից հաղորդում է ստացվել այն մասին, որ վարկ ստանալու նպատակով դիմել են «Մեգա կրեդիտ» վարկային կազմակերպությանը, սակայն պայմանագրով իրենց տրամադրված վարկերից խաբեությամբ գումարներ են հափշտակվել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին մասով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Պարզվել է, որ նշված վարկային կազմակերպության տնօրենը եւ վարկային մասնագետը Ֆեյսբուք սոցիալական կայքի միջոցով տարածել են գովազդ` ՀՀ-ում գործող բանկերից եւ վարկային կազմակերպություններից իրենց միջնորդությամբ վարկեր ստանալու վերաբերյալ, իսկ որպես մատուցված ծառայության վճար՝ հաճախորդներից վերցրել են ստացված վարկի 30%-ի տոկոսի չափով գումար:

Քննության տվյալներով՝ վարկային կազմակերպության տնօրենը եւ վարկային մասնագետը քաղաքացիների անվամբ լրացրել են վարկային առցանց հայտեր, սակայն մի դեպքում ստացված վարկի գումարի միայն կեսն են վճարել հաճախորդին, իսկ մեկ այլ դեպքում ընդհանրապես գումար չեն փոխանցել վարկառուին՝ այդկերպ խաբեությամբ առերեւույթ հափշտակելով քաղաքացիների զգալի չափի գումարները:

Նկատի ունենալով, որ վարույթն իրականացնող մարմինը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ «Մեգա կրեդիտ» վարկային կազմակերպության տնօրենի եւ վարկային մասնագետի գործողություններից կարող են տուժած լինել նաեւ բազմաթիվ այլ քաղաքացիներ, ուստի՝ նշված վարկային կազմակերպության աշխատակիցների գործողություններից տուժած անձանց  առաջարկվում է դիմել Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին /ք. Երեւան Շինարարներ 10/1, կամ զանգահարել 010-39-17-23 հեռախոսահամարով:
Դիտում՝ 3018
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW