«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվը եւ Ֆրանսիայի զարգացման գործակալությունը, ի դեմս իր դուստր «Պրոպարկո» ներդրումային ընկերության, երկամյա բանակցություններից հետո սկսում են գործընկերություն` կնքելով €1.5 մլն գումարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր:Ինչպես նշել են «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ում, փոխառությունը տրամադրվում է ՀՀ դրամով, 6 տարի ժամկետով: Պայմանագիրը նախատեսում է նաեւ տեխնիկական աջակցության բաղադրիչ, որը կնպաստի կոոպերատիվի զարգացման նոր հնարավորություններ ձեռք բերելուն:«Պայմանագրի կնքումը աննախադեպ է, քանի որ սա առաջին դեպքն է, երբ ՀՀ վարկային կազմակերպությունը ներգրավում է երկարաժամկետ ստորադաս փոխառություն միջազգային ինստիտուցիոնալ ներդրողից: Ֆարմ Կրեդիտ Արմենիայի կայուն զարգացման ռազմավարությունը եւ կիրառվող վարկային պատասխանատու քաղաքականությունը վստահության հիմք հանդիսացան պայմանագրի կնքման համար: Հարկ է նշել, որ պայմանագրի կնքումը կատարվում է աշխարհում խորացող համաճարակի ժամանակահատվածում, որը խոչընդոտ չհանդիսացավ գործարքի իրագործման համար: Ֆինանսական ներդրումը հնարավորություն կտա վարկային կոոպերատիվին մեծացնել գյուղատնտեսության վարկավորման իր գործիքակազմը եւ կհանդիսանա խթան վարկային պորտֆելի աճի համար»,- նշել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը:«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ն ՀՀ-ում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն իր գործունեությունը ծավալում է միայն ՀՀ մարզերում տրամադրելով տնտեսության բացառապես իրական հատվածի ֆինանսավորման վարկեր:Ֆարմ Կրեդիտն ի սկզբանե որդեգրել է կորպորատիվ կառավարման սկզբունքները եւ իր առաքելությամբ նպաստում է կոոպերատիվ մշակույթի ձեւավորմանը: Կոոպերատիվը հիմնադրվել է 2007թ. 57 ֆերմերների կողմից եւ այժմ կոոպերատիվի անդամ-փայատերերի թիվը կազմում է շուրջ 9000 անձ: Վարկային կոոպերատիվի սեփական կապիտալը կազմում է շուրջ 2 միլիարդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը մոտ 13 մլրդ դրամ:Ֆրանսիայի զարգացման գործակալությունը պետական կառույց է, որը Ֆրանսիայում եւ աշխարհի 115 երկրներում իրականացնում է կայուն զարգացման եւ միջազգային համագործակցության մասով պետական քաղաքականություն: «Պրոպարկո» ընկերությունը հանդիսանում է վերջինիս մասնավոր հատվածի ֆինանսավորումն իրականացնող դուստր ներդրումային կառույց: Tweet Դիտում՝ 5013