ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նորընտիր նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ ԿԲ-ն շարունակում է հավատարիմ մնալ գների ու ֆինանսական կայունության իր առաքելությանը:Այս մասին նա նշել է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով 2019-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարողականին:«2018-ի վերջին գնաճը կազմել էր 1,8%: 2019-ի սկզբին մշակված դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ ԿԲ-ն նախապատվություն էր տալիս գնաճի աստիճանական վերականգնմանը՝ գնահատելով, որ ցածր գնաճը ձեւավորված միջավայրում նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարխսմանը եւ գների կայունության ամրապնդմանը: Տարվա ընթացքում գնաճը ձեւավորվել է իր ծրագրված ցուցանիշից ավելի ցածր մակարդակում, որը պայմանավորված է մի քանի գործոններով»,- ասել է Մարտին Գալստյանը:Նրա խոսքով, գործոններից առաջինն այն է, որ 2019-ին իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը շատ ավելի զսպող էր, քան նախատեսված էր պետական բյուջեի մասին օրենքով: Երկրորդը՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմներով պայմանավորված՝ արտաքին աշխարհում սպասվածից թույլ պահանջարկ էր ձեւավորվել, ինչպես նաեւ համաշխարհային հումքային եւ պարենային շուկաներում գների կանխատեսվածից ավելի ցածր մակարդակ կար: «Միաժամանակ ԿԲ-ի վերլուծությունները ցույց են տվել, որ ցածր գնաճին նպաստում են նաեւ որոշակի կառուցվածքային գործոններ, ինչպիսիք են, մասնավորապես, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ներքո առանձին ապրանքային շուկաներում շարունակաբար ավելացող մրցակցության արդյունքում կազմակերպությունների հավելադիրների որոշակի նվազումը, սպառողական պահանջարկի տեղաշարժը երկարաժամկետ օգտագործման ապրանքների՝ մասնավորապես ավտոմեքենաների ուղղությամբ: Այս ամենի արդյունքում դիտվել է համախառն պահանջարկի թուլացում, եւ տարին ամփոփվել է թե ընդհանուր եւ թե բնականոն գնաճի՝ ծրագրավորվածից ցածր ցուցանիշներով: Երկուսի դեպքում էլ արձանագրվել է 0,7% մակարդակ»,- մանրամասնել է ԿԲ նախագահը: Tweet Դիտում՝ 1222