Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) էլեկտրոնային առեւտրի ոլորտի համաշխարհային ընկերությունների համար նախատեսում է ստեղծել էլեկտրոնային հարթակ։ Ինչպես նշել են ՊԵԿ-ում, Էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունները հաշված րոպեների ընթացքում կկարողանան գրանցվել ու ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները:Երկարատեւ բանակցություններից հետո ՊԵԿ-ում կայացել է տեսակոնֆերանս ոլորտի խոշոր դերակատարների ներկայացուցիչների հետ՝ Microsoft, Google, Facebook, Booking.com, Netflix, Amazon, Spotify, KPMG եւ այլ ընկերություններ: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանը նշել է, որբնակչության թվով Հայաստանին էականորեն գերազանցող շատ երկրներ չեն կարողանում նման համագործակցության եզրեր գտնել եւ ապահովել նշված ընկերությունների կողմից հարկերի վճարումը այդ երկրների պետական բյուջե, որովհետեւ իրենց հարկային մարմինները չունեն էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման համապատասխան փորձ եւ հնարավորություններ։ «Էլեկտրոնային առեւտրի հարկումը մեծ մարտահրավեր է ամբողջ աշխարհում։ Մեր երկիրը` ի դեմս ՊԵԿ-ի, լավագույն տարբերակը գտնելու ճանապարհին է: Թվայնացման ոլորտի փորձը կոմիտեին թույլ կտա ստեղծել հաշվետվությունների ներկայացման եւ հարկերի վճարման հարմարավետ հարթակ»,- ասել էկոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: ՊԵԿ-ում նշում են, որ Հայաստանը ունի եզակի հնարավորություն՝ էլեկտրոնային ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներին առաջարկելու բարենպաստ միջավայր՝ ինքնահայտարարագրվելու եւ հայաստանյան սպառողին մատուցած ծառայության դիմաց մեր երկրի բյուջե վճարելու ավելացված արժեքի հարկը: Նաեւ նշվում է, որ Հայաստանի քաղաքացիներին մատուցված էլեկտրոնային ծառայությունների համար նախատեսված գինը ներառում է ավելացված արժեքի հարկը։ Ինքնահայտարարագրման այս համակարգի ներդրումը կապահովի պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր, որը չի բերի այդ ծառայությունների գների փոփոխման։Առաջիկայում ՊԵԿ-ը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի միջազգային լավագույն փորձին համահունչ Հայաստանում ներդրվեն ծառայությունների էլեկտրոնային առեւտրի՝ ԱԱՀ-ով հարկման կարգավորումներ։ Նախաձեռնության մասին մանրամասն` տեսանյութում: Tweet Դիտում՝ 2267