Կայացել է Brain Ring ֆինանսական խաղ-մրցույթը

08.06.2020 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենտրոնական բանկ #Brain Ring
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ առցանց հարթակում տեղի է ունեցել Brain Ring ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը։

Ինչպես նշել են ԿԲ-ում, այս նախաձեռնության նպատակը ավագ դպրոցում ձեռնարկատիրական եւ ֆինանսական կրթություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը եւ նրանցից լավագույններին բացահայտելն է։

«Մրցույթին մասնակցող աշակերտները եւս մեկ անգամ փաստեցին, որ երիտասարդ սերունդը ունակ է դիմագրավելու ժամանակակից մարտահրավերներին եւ անգամ արտակարգ պայմաններում գրանցել հաջողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մրցույթն անցկացվել է Zoom հարթակում, իսկ որպես մրցույթի անցկացման գործիք՝ ընտրվել Quizzez ծրագիրը։ Ելնելով Zoom հարթակի եւ Quizzez ծրագրի առանձնահատկություններից՝ փոփոխություններ մտցվեցին մրցույթի կանոնների եւ աշակերտների մասնակցության ձեւաչափի մեջ։ Աշակերտները մրցույթին մասնակցեցին ոչ թե թիմերով, այլ անհատապես։  

Յուրաքանչյուր մարզից մրցույթին մասնակցեց 2-ական աշակերտ։ Աշակերտների գիտելիքները ստուգող հարցաշարը, նախորդ տարիների նման դարձյալ կազմվել էր ԿԲ-ի կողմից։

Մրցույթում հաղթող ճանաչվեցին Արայիկ Սահակյանը (Լոռու մարզ)՝ առաջին հորիզոնական, Ալիկ Ղազարյանը (Կոտայքի մարզ)՝ երկրորդ հորիզոնական, Հովհաննես Սաֆարյանը (Շիրակի մարզ)՝ երրորդ հորիզոնական։

Հատուկ հարցեր հնչեցվեցին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի եւ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից։ Հաղթող աշակերտները ԿԲ-ի կողմից պարգեւատրվեցին հուշամեդալներով, իսկ հատուկ մրցանակակիրներն իրենց մրցանակները ստացան համագործակցող կառույցների կողմից։

«Միշտ էլ հիացել եմ մեր աշակերտների ջանասիրությամբ եւ նպատակասլացությամբ։ Անգամ այս պայմաններում նրանք ցուցաբերեցին փայլուն գիտելիքներ եւ մտքի ճկունություն»,- նշել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը։

«Այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի համատեղ ջանքերով իրականացվող Brain Ring ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը հոբելյանական է․ մենք 10 տարի է՝ արդեն իրականացնում եք այս ծրագիրը։ Շնորհավորում ենք մասնակիցներին, հույս ունենք, որ այն կօգնի ավելի լավ յուրացնելու ֆինանսական եւ ձեռնարկատիրական կրթության բովանդակային նյութը, ինչպես նաեւ ստացած գիտելիքներն ու հմտությունները կիրառելու հետագա կյանքում»,- ասել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։
Դիտում՝ 1402
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW