Ջավադյան. 2019-ի պետբյուջեի կատարումը նպաստել է պետական պարտքի կայունությանը

05.06.2020 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Արթուր Ջավադյան #պետբյուջե
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ասել է, որ պետական բյուջեի կատարումը 2019թ. նպաստել է պետական պարտքի կայունության ապահովման նպատակի իրագործմանը:

«Պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազմանը նպաստել է պետբյուջեի պակասուրդի տարվա համար նախատեսված մակարդակից ավելի մեծ չափով կրճատումը: Այն տեղի է ունեցել պետական ծախսերի կատարման բարելավման եւ արդյունավետության բարձրացման նպատակով՝ կառավարության կողմից պետական ծախսերի կրճատման ուղղությամբ, ինչպես նաեւ հարկային վարչարարության ազդեցությամբ: Արդյունքում՝ համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային ազդեցությունը զսպող է եղել»,- Ազգային ժողովում ասել է նա՝ ներկայացնելով ԿԲ եզրակացությունը՝ 2019-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ:


Արթուր Ջավադյանի խոսքով՝ զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում՝ ԿԲ-ն արձագանքել է գնաճային զարգացումներին՝ տարվա ընթացքում երկու անգամ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

«Տոկոսադրույքների ցածր մակարդակի պահպանումն ուղեկցվել է տնտեսության վարկավորման ծավալների աճով, որն էլ նպաստել է համախառն պահանջարկի աճին: Արդյունքում՝ 2019-ի տնտեսական աճի ձեւավորմանը մեծամասամբ նպաստել է ներքին ծախսումների մասնավոր սպառման զգալի աճը»,- ասել է ԿԲ նախագահը:

Նա հայտնել է նաեւ, որ 1,3%-ային կետով նվազել է 2019-ի կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը եւ կազմել 50%:


«Հայաստանի տնտեսական բարձր աճի եւ հարկային բարեփոխումների իրականացման պայմաններում՝ կառավարությունը տարվա ընթացքում վերանայել է պետբյուջեի եկամուտների ծրագիրը՝ աճի ուղղությամբ: Տարվա արդյունքում պետբյուջեի եկամուտների աճը կազմել է 16,7%, հարկեր-տուրքեր գծով աճը՝ 16,4%:

Միաժամանակ էական բարելավում է արձանագրվել հարկեր-ՀՆԱ ցուցանիշի գծով, նախորդ տարվա նկատմամբ 1,3%-ային կետով աճելով՝ այն ՚կազմել է 22,3%»,- ասել է ԿԲ նախագահը:

«Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում 2019-ի իրականացրած բարեփոխումները, որոնք արտահայտվել են հիմնականում պետբյուջեի պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ եւ պետական ծախսերի բարեփոխումներով, դրական են անդրադարձել մակրոտնտեսական եւ պետական պարտքի կայունության պահպանման վրա»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ԿԲ 2019-ի վարչական ծախսերի նախահաշվին՝ ապա այն կազմել է 7,2 մլրդ դրամ, որի գծով գրանցվել է 92% կատարողական՝ 6,6 մլրդ դրամի չափով:
Դիտում՝ 1745
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW