2019թ. բյուջետային առումով պատմական տարի էր Հայաստանի համար, կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտ գեներացնել։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներին իր հեռավար ելույթի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ այդ գումարներից 62 մլրդ դրամը դարձել է պետական բյուջեի եկամուտ, 42 մլրդ դրամի չափով վերադարձվել է ԱԱՀ պարտքը, որը ձեւավորվել էր մինչեւ 2017թ. հունվարի 1-ը։ Վարչապետն ասել է, որ 2020թ. պատմական է կորոնավիրուսի համավարակի բերումով եւ պարզ է, որ այս տարի լինելու են տնտեսական որոշակի խնդիրներ։ «Խնդիրներ ունենք եւ ունենալու ենք նաեւ համաճարակային առումով, բայց խորհուրդ կտայի չշտապել հետեւություն անել, թե ինչպիսին կլինի 2020-ը։ Կորոնավիրուսի ժամանակաշրջանը նոր է սկսվել, հայտնի չէ, թե ինչքան կտեւի, արդյունքներն ու կորուստներն ամփոփելու համար վաղ է։ Այս օրերին Հայաստանում խորը վերագնահատման գործընթաց է տեղի ունենում, այն կապված է պետական կարգի ու անհատի փոխհարաբերությունների հետ։ Կորոնավիրուսի արդյունքում պետք է վերագնահատենք այդ հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։Վարչապետը նաեւ խոսել է բյուջեի «քաղաքական ու քաղաքացիական կոնտեքստի» մասին։ «Ուզում եմ հավատալ, որ ունենք բյուջեի հին ընկալում եւ հիմա պետք է ձեւավորենք նորը։ Ժողովրդի հին ընկալումը հետեւյալն է՝ բյուջեն ընդունում են իշխողները, որպեսզի մեր աշխատած փողի մի մասը տանեն, թալանեն։ Նորը պետք է լինի հետեւյալը՝ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը ձեւավորում ենք միասին, ընդհանուր կարիքները հոգալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ թեեւ 2019թ. գնահատում է պատմական, կոնկրետ թվային ցուցանիշների վրա հիմնված, բայց չի հավաքագրվել կամ բյուջե չի մուտքագրվել այն ամբողջ պոտենցիալը, որ տեսականորեն եւ իրականում գոյություն ունի։ «Ամենատարբեր հաշվարկներով՝ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի։ Նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի հավաքագրման պոտենցիալը կարող էր մինչեւ 400 մլրդ դրամով ավելի լինել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ այժմ բարեփոխումների ամենալավ շրջանն է, որովհետեւ տնտեսական եւ մյուս առումներով կորցնելու ոչինչ չկա։ «2019-ին զգույշ էինք, կենտրոնացած էինք տնտեսական աճ, ակտիվություն, դինամիկա ցույց տալու վրա, բայց հիմա այն վիճակում ենք, որ այսօրը կորսված է եւ պետք է մտածենք վաղվա մասին։ Մեր՝ պետականություն ունենալու կամքի արտահայտությունը պետք է դառնա բարեփոխումների նկատմամբ վերաբերմունքը, որ կառավարությունն այսօր ձեռնարկում է։ Խոսքը, մասնավորապես, գույքահարկի համակարգի փոփոխության, համատարած եկամտահարկի փոփոխության, առաջիկայում կանխիկի կրճատման մասին է։ Հարկային համակարգերի փոփոխություններով մենք լուծում ենք մի հարց՝ արդյոք 20 տարի հետո Հայաստանը գոյություն է ունենալու որպես ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն։ Իմ նշած փոփոխություններով մենք լուծում ենք քաղաքական եւ փիլիսոփայական հարց»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Tweet Դիտում՝ 1796